Կանաչ ջուրը վտանգավոր չէ. ի ապացույց՝ ազգային պարկի տնօրենը խմում է լճի ջրից (Video)


00:45 , 27 հուլիս, 2018

Armtimes.com-ը գրում է.

Արդեն տեւական ժամանակ է՝ բնապահպաններն ու քաղաքացիներն ահազանգում են, որ Սեւանա լճի ջուրը կանաչ է, խնդրելով պարզաբանել՝ ինչու՞ է այդպես ու ի՞նչ վտանգներ կան:

Այսօր, կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում  բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հայտնել էր, որ Սեւանա լճում ազոտի ու ֆոսֆորի հետ կապված ուսումնասիրություն է իրականացվել, ցուցանիշները նորմայի մեջ են, բայց մի քանի ֆակտորներ կան այս պահին, որ գումարվել են իրար: Նաեւ հավելել է, որ սա միայն Սեւանա լճին չի վերաբերվում, ջրիմուռների աճը ոչ միայն Սեւանում է, այլ նաեւ այլ ջրավազաններում, որի համար մի քանի պատճառ կա՝ նվազ տեղումներ, բարձր ջերմաստիճան, կեղտաջրերի մեծ ծավալներ:

Առանձին բնապահպանական խմբեր ու ոլորտի մասնագետներ շարունակ ահազանգում են, որ լճի ջուրը վտանգավոր է, չի կարելի այնտեղ լողալ:

Սեւան ազգային պարկի տնօրեն Վահե Գուլոյանն այսօր Սեւանա լճում փորձարկում է արել՝ հայտարարելով, որ ջուրն ամենեւին էլ վտանգավոր չէ, այնտեղ լողալ կարելի է եւ ոչ մի վտանգ չկա: Ի ապացույց՝ տնօրենը լճից ջուր է վերցրել ու հենց նույն պահին խմել այն: