Ռոբերտ Քոչարյանը համարում է, որ իր նկատմամբ վենդետա է իրականացվում


22:00 , 26 հուլիս, 2018

Panorama.am-ը գրում է.

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համարում է, որ իր նկատմամաբ քաղաքական հետապնդում և վենդետա է իրականացվում: Այս մասին նա հայտարարեց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության եթերում:

Նրա խոսքով, ՀՔԾ կողմից իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը շինծու է, իրականության հետ որևէ կապ չունեցող, հիվանդ երևակայության արդյունք, պատմության վերափոխում ու նիհիլիզմ: Նա որոշումը որակեց որպես ծայրահեղ ապօրինի:

«Այս ամենն իրավական սյուրռեալիզմի տպավորություն է թողնում: Չի ճանաչվում սահմանադրական դատարանի որոշումը, չի ճանաչվում 2008-ի ընտրությունների արդյունքները, ըստ էության լայն զանգվածների դժգոհությունը փորձում են տեղափոխել իրավական դաշտ, և ըստ էության ստացվում է, որ 21,5 տոկոս հավաքած Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթել է 2008-ի ընտրություններում: Բովանդակության խտացված մասն այսքանն է: Այն իրականությունից շատ-շատ հեռու է, որևէ առնչություն չունի, սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, վենդետա է: Ես երբեք չեմ մտածել, որ մեր իրականության մեջ հնարավոր է նման շինծու գործ սարքել, փաստերի վերաբերյալ, որոնք  ակնհայտ էին, բոլորը տեսնում էին, որոնք ամբողջությամբ օրենսդրության ու սահմանդրության շրջանակում էին»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Հիշեցնենք, որ ՀՔԾ տարածած հայտարարության համաձայն,  Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։