Նախագահը հանդիպել է ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամների հետ


14:30 , 25 հուլիս, 2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամներին, ովքեր ներկայացնում են Հայաստանի ազգային փոքրամասնությունների 11 համայնքներ:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են խորհրդի գործունեությանն ու կարգավիճակին, ինչպես նաեւ ազգային փոքրամասնություններին վերաբերող մի շարք այլ հարցերի: Խորհրդի անդամներն ընդգծել են կառույցի կարևորությունը, կատարած արդյունավետ աշխատանքը և այն պահպանելու անհրաժեշտությունը:

Պատրաստակամություն հայտնելով համագործակցելու ազգային փոքրամասնություններին ներկայացնող կառույցի հետ, անկախ նրանից, թե այն ինչ կարգավիճակ կունենա, նախագահը նշել է, որ ազգային փոքրամասնությունները յուրաքանչյուր երկրի հարստությունն են:

«Դուք պետք է հպարտանաք ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիությամբ, այնպես էլ ձեր ազգային ինքնությամբ», - ասել է Արմեն Սարգսյանը:

Հանրապետության նախագահն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին հորդորել է հստակ առաջարկություններ ներկայացնել իրենց հուզող հարցերի վերաբերյալ: