ՄԻՊ-ը բարձր է գնահատում մարզային խնդիրները Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ քննարկելու պրակտիկան


12:30 , 23 հուլիս, 2018

Armenpress.am-ը գրում է.

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միջև համատեղ աշխատանքի նոր պրակտիկա է ձևավորվել։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Նախարարության հետ տեղի են ունենում պարբերական խորհրդակցություններ, քննարկվում են մարզային խնդիրները, Պաշտպանին հասցեագրված բողոքների լուծման ուղղությունները։ Իրականացվում են նաև այցեր սահմանամերձ համայնքներ՝ տեղում ծանոթանալու մարդկանց խնդիրներին։

Մասնավորապես, վերջերս Արարատի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզեր Պաշտպանի կատարած այցերի ժամանակ քաղաքացիները ներկայացրել են և´ համակարգային, և´ անհատական բնույթի հարցեր։ Դրանք վեր են հանվել և ուղարկվել իրավասու պետական մարմիններին։

Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատում Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պատրաստակամությունն իր իրավասությունների շրջանակում խնդիրներին լուծում տալու հարցում։