14:57 , 17 մայիս, 2013![]()
Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը պատրաստվում է գրանցվել որպես Ադրբեջանի նախագահի թեկնածու: Ինչպես հայտնում է Aysor.am-ը, այդ մասին ասօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հենց ինքը՝ Գրիգորի Այվազյանը:
Ադրբեջանահայերն առաջադրել են Այվազյանի թեկնածությունը, և նա պատրաստ է և ընդունել է նրանց առաջարկը: Գրիգորի Այվազյան նշել է նաև, որ անվտանգության երաշխիքներ ստանալու դեպքում նա կմեկնի Բաքու, իսկ չգրանցման դեպքում Ադրբեջանը ևս մեկ անգամ կհաստատվի որպես ֆաշիստական պետություն:
Ինչպես հայտնում է Panorama.am, ըստ Գ. Այվազյանի, Ադրբեջանում 1990 թվականից ի վեր բոլոր ընտրություններն անվավեր են եղել, քանի որ ադրբեջանահայերը զրկված են եղել մասնակցելու հնարավորությունից. «Եզակի հնարավորություն է ընձեռվում Ադրբեջանում կազմակերպել առաջին իրական մրցակցային ընտրությունները»:
Նա իր հիմնական մրցակիցն է համարում Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևին:
Գ. Այվազյանն ասաց, որ իրենք ունեն համախոհների մեծ թիմ ու հենց ստանա անվտանգության երաշխիքներ, անմիջապես կմեկնի Ադրբեջան:
«Եթե ինձ պաշտոնապես գրանցեն, հավասար քարոզարշավ իրականացնելու հնարավարություն ընձեռեն, վստահ եմ, որ կհաղթեմ՝ առնվազն 60 տոկոս ձայն ստանալով»,- ասել է բանախոսը:
Այվազյանը նշել է, որ իրեն ընտրողներին թվին են պատկանում ադրբեջանահայ վտարանդիները, Ադրբեջանի բնիկ ժողովուրդները, որոնց երաշխավորում է լայն ինքնավարություն ընդհուպ անկախության, Ադրբեջանի ժողովրդին խոստանում է հետ վերադարձնել ռեժիմի կողմից յուրացված պետական հարստությունը: