16:00 , 20 հուլիս, 2018ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հանքարդյունաբերության ոլորտում ապօրինի կերպով հակամրցակցային գործունեություն իրականացնելու դեպքի առթիվ, տեղեկացնում է Քննչական կոմիտեն:
ՀՀ քննչական կոմիտեում ստացվել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից հանքարդյունաբերության ոլորտում տեղի ունեցած գործարքների ուսումնասիրության արդյունքները, որոնք առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ։
Մասնավորապես՝ պարզվել է, որ ՀՀ տարածքում հանքարդյունաբերությամբ և երկրաբանահետախուզական աշխատանքներով զբաղվող 19 ընկերությունների բաժնետոմսերը տարբեր ժամանակներում ձեռք են բերվել մի քանի անձանց և կազմակերպությունների կողմից ու վաճառվել Կայմանյան կղզիներում գտնվող կազմակերպություններին։ Ընդ որում, 17 ընկերության բաժնետոմս վաճառվել է մեկ արտասահմանյան ընկերության:
Կատարվում է քննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք պարբերաբար։