Կառավարությունը ներեկեղեցական հարցերին չպետք է միջամտի. Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի հրաժարականի մասին


09:53 , 16 հուլիս, 2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը համարում է ներեկեղեցական հարց ու դեռևս կառավարության միջամտության անհրաժեշտությունը չի տեսնում։ Սոցցանցի իր էջի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետը՝ միաժամանակ նշելով, որ ոստիկանությանը հանձնարարել է շատ ուշադիր ուսումնասիրել Վեհափառի հետ կապված վերջին միջադեպը Վայոց ձորի մարզում։

«Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը որոշակի տհաճ մթնոլորտ է ստեղծում այն առումով, որ դրսևորումներ են լինում, որոնք այնքան էլ հասկանալի չեն։ Եթե բողոքողներն իրենց գործողություններում որևէ գծեր են անցել, դրանք պետք է հստակ արձագանք ստանան։ Ինչ վերաբերում է իրավիճակի նկատմամբ կառավարության դերակատարմանը, ապա իմ համոզմունքն է, որ կառավարությունը ներեկեղեցական հարցերին չպիտի միջամտի։ Ես սա համարում եմ ներեկեղեցական հարց»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։