Փաշինյանն իր թիմի թրաշամանուկներից ավելի մեծ իմիջային վնասներ է կրում, քան ամենամոլի քաղաքական հակառակորդներից


11:44 , 14 հուլիս, 2018

ՀՀ 1-ին փոխվարչապետի մամլո խոսնակ Կարպիս Փաշոյանը համարում է, որ աղանդ բառի գործածությունը ոչ միայն հակաիրավական է, այլև միջնադարյան խավարամտության դրսևորում։

Նույն Կարպիս Փաշոյանը՝ խոսելով Ապրիլյանի հերոս Ռոբերտ Աբաջյանի մասին, հայտարարում է․ «Մանկահասակ դեմքով տղա։ Երևի էդ պահին չի էլ հասկացել՝ ինչ է կատարվում, և հիմա մենք անընդհատ շահարկում ենք այդ անունը։ 18 տարեկան տղա...»։ Նաև կոչ է անում չշահարկել այդ «երեխաներին»։ Սա էլ հավանաբար 21-րդ դարի լուսավորական մտքի դրսևորումն է ըստ միսյե Կարպիսի։

Ես սկզբունքորեն զերծ կմնամ որևէ գնահատական տալուց, թողնելով այդ իրավունքը Ձեզ։ Միայն կասեմ, որ մի այլ կարգի հասկանում եմ, թե ինչ բարդ է Փաշինյանի համար, որովհետև փաստացի այս երեք ամիսների ընթացքում իր թիմի թրաշամանուկներից ավելի մեծ իմիջային վնասներ է կրում, քան իր ամենամոլի քաղաքական հակառակորդներից։ Ընդ որում՝ բացարձակ չարդարացված ձևերով ու իրավիճակներում։ Ասենք այ Կարպիս ջան, քեզ ո՞վ է խնդրում էպատաժ անել, ախր դու արդեն հերիք չէ պաշտոնյա ես, նաև քաղաքական թիմի մաս ես, ու քո ամեն զկրտոցի պատասխանատվությունը մասամբ ընկնում է նաև թիմիդ ուսերին։

Ու Փաշինյանի համար այսօրինակ խոտաննները պերմանենտ են լինելու, եթե չփորձի քաղաքական հենարան փնտրել ոչ միայն թրաշամանուկների ու ակտիվիստների կոնտինգենտի վրա, այլև այլ թիմերի հետ համագործակցության եզրներ փնտրել։ Թերևս տարօրինակ կարող է հնչել ասածս, բայց հիշեցնեմ այն պարզ իրողությունը, որը սահմանել էի դեռ շաբաթներ առաջ․ Փաշինյանի ու իր թիմի ձախողումը չի բխում ոչ ոքի շահերից, որովհետև դրա հետևանքները կրելու ենք բոլորով՝ անկախ նրանից, թե ինչպես էիք վերաբերվում թավշյա հեղաշրջմանը ու դրա հերոսներին։