Արծվիկ Մինասյանը հանդիպել է Fly United-ի հիմնադիրների հետ


19:00 , 13 հուլիս, 2018

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել չեխական Fly United ընկերության հիմնադիրներ Յան Ստիլեցի և Եվա Ստիլցովայի հետ։

Ընկերությունը ծառայություններ է մատուցում զբոսաշրջության ոլորտում, համատեղելով պետական և մասնավոր ընկերությունների, անհատների հետ աշխատանքը բիզնեսի և հանգստի ոլորտներում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Յան Ստիլեցը ներկայացրել է շուրջ 25-ամյա ընկերության փորձը, հայտնել այդ փորձառությամբ հայաստանյան մասնագետների հետ կիսվելու պատրաստակամությունը, նաև տեղեկացրել, որ երկրորդ անգամ այցելելով Հայաստան՝ արդեն մտադրություն ունեն բացելու Fly United-ի գրասենյակ։

Նախարարը ողջունել է Հայաստանի նկատմամբ չեխ գործարարների հետաքրքրությունը, ներկայացրել գործարար ոլորտին և ներդրումային ծրագրերին առնչվող կառավարության քաղաքականությունը, կարևորել նաև ավիացիայի բնագավառում ընկերության ունեցած փորձի փոխանակման հնարավորությունը։

Նախարարի հետ հանդիպումից հետո առավել մանրամասն ոլորտային հարցերը քննարկվել են Զբոսաշրջության կոմիտեի և Բիզնես Արմենիայի ներկայացուցիչների հետ։