Apple-ի նախկին աշխատակիցը գողացել է ընկերության գաղտնի տվյալները


23:45 , 12 հուլիս, 2018

Apple ընկերության նախկին աշխատակից Սյաոլան Չանին ձերբակալել են Սան Խոսե օդանավակայանում (ԱՄՆ Կալիֆորնիա նահանգ)՝ անօդաչու ավտոմեքենաներ մշակելու վերաբերյալ կորպորացիայի գաղտնի տվյալները գողանալու կասկածանքով։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։

Ինժեներ Չանն ազատվել է Apple-ում աշխատանքից 2018-ի ապրիլին՝ հանուն չինական Xiaopeng Motors ընկերությունում աշխատանքի։ Դրանից հետո ընկերությունում նկատել են, որ նախկին աշխատակիցը բավական ակտիվ է համացանցում, ինչպես նաև հաճախ է նախկին գրասենյակ այցելում։

Հուլիսի 7-ին ձերբակալվելուց հետո տղամարդը խոստովանել է FBI-ին, որ գողացել է անօդաչու ավտոմեքենաներ մշակելու մասին տեխնոլոգիական տվյալները և մտադրվել դրանք հանձնել Xiaopeng Motors-ին։

Չինական ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ տղամարդն իրենց ոչ մի տվյալ չի փոխանցել և գողության մասին իմանալուց հետո նա անմիջապես հեռացվել է աշխատանքից։