Արմեն Սարգսյանն Իտալիայի դեսպանի հետ քննարկել է այդ երկրի նախագահի առաջիկա այցը Հայաստան


15:20 , 12 հուլիս, 2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից: 

Հանդիպմանը քննարկվել են Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելայի՝ հուլիսի 30-ից 31-ը Հայաստանի Հանրապետություն կատարելիք պետական այցին առնչվող հարցեր:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկու երկրների նախագահական կառույցների միջև փոխգործակցության հնարավորությանը՝ հաշվի առնելով Իտալիայի խորհրդարանական կառավարման հարուստ փորձն ու ավանդույթները: