8 կարևոր խորհուրդ՝ ամուսնացած տղամարդկանցից չամուսնացածներին


19:00 , 11 հուլիս, 2018

1. Գտեք այն միակին

Համոզվեք, որ նա կլինի ձեր կողքին թե՛ հարստության, թե՛ աղքատության մեջ, թե՛ վշտի, թե՛ ուրախության ժամանակ։

Ես ունեմ ընկեր, ով կորցրել էր աշխատանքը։ Վախենալով կնոջ զայրույթից՝ դրանից հետո մի ամբողջ շաբաթ ձևեր էր թափում, որ աշխատանքի է գնում։ Նրա ամուսնությունը երկար չտևեց։ Եթե այդպիսի բան ինձ հետ պատահեր, իմ կինը կլիներ առաջին մարդը, ում կպատմեի կատարվածի մասին։ Եթե քո սիրելին ամեն ինչում աջակցում է քեզ, ամուսնացիր նրա հետ։

2. Մի դադարեք գնալ ժամադրության

Ամուսնանալը դեռ չի նշանակում հասնել հարաբերությունների վերջնագծին։ Մշտապես պահեք ջերմ, ռոմանտիկ մթնոլորտը։ Փոքրիկ նվերները, զրույցները, ժամադրությունները կօգնեն խուսափել միապաղաղ առօրյայի բերած խնդիրներից։

Ես բավականին երկար ժամանակ է՝ ամուսնացած եմ և հիանալի խորհուրդ ունեմ. մի մոռացեք՝ ինչու եք սիրել միմյանց։ Թույլ մի տվեք ռեժիմին փչացնել ձեր հարաբերությունները, կնոջը ժամանակ տրամադրեք, ամեն օր մի րոպե գտեք՝ ասելու, որ սիրում եք։ Սա չի նշանակում, որ ամեն օրը պետք է նման լինի առաջին ժամադրությանը, բայց փոքրիկ հաճելի մանրուքները պահպանում են ամուսնության երջանկությունը։

3. Խոսել իմացեք

Խնդիրների մասին լռելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Քննարկումը կօգնի հարթել տարաձայնություններն ու դժգոհությունները։

Երբ խնդիր է լինում, կնոջս հետ կառուցողական երկխոսություն եմ ունենում։ Ուշադիր լսում եմ նրան, որպեսզի հասկանամ՝ ինչպես է տեսնում իրավիճակը նա։ Հարցնում եմ՝ ինչպես է ուզում լուծել խնդիրը, ինչը նրան չի գոհացնում և ինչ արձագանք է նա ինձնից սպասում։

4. Սովորեք միմյանց սիրո լեզուն

Դուք կարող եք ամբողջ սրտով սիրել նրան, բայց նա իրեն սիրելի չզգա, քանի որ այդ զգացմունքն իր համար այլ կերպ են արտահայտվում։

Ես միշտ կարող եմ ասել կնոջս՝ որքան շատ եմ սիրում նրան, բայց նա ոչ միշտ կզգա դա, եթե նրան բավարար ժամանակ չտրամադրեմ։ Իմ սիրո լեզուն բառերն են, նրանը՝ ժամանակը։

5. Փնտրեք մեկին, ում հետ կարող եք լինել այնպիսին, ինչպիսին կաք

Պոտենցիալ կնոջից մի թաքցրեք ֆուտբոլի, զենքերի կամ մոտոցիկլետների հանդեպ սերը։ Նա պարտավոր չէ կիսել ձեզ հետ ձեր զբաղմունքները, հետաքրքրվել նույնով, ինչ դուք, սակայն խոչընդոտել զբաղվել սիրելի գործով չի կարելի։

Մի անգամ ինձ լքեց ընկերուհիս, որովհետև «ես վիդեոխաղեր ավելի շատ էի սիրում, քան նրան»։ Նա միշտ հեռուստացույց էր նայում, շրջում սոցցանցերում, բայց երբ ես մոտենում էի իմ խաղերին, սկանդալ էր սկսվում։ Հետո ես ամուսնացա հիանալի մեկի հետ, ում հետ ունենք պայմանավորվածություն՝ խաղալ օրական 3 ժամից ոչ ավել։

6. Եղեք անկեղծ

Անկեղծությունն ամենաառաջին հանդիպումից ամուր և երջանիկ հարաբերությունների գրավական է։

Երբ մենք սկսեցինք հանդիպել, ես նրան հրավիրեցի տուն։ Ճանապարհին զգուշացրի, որ շատ եմ անհանգստանում, քանի որ սենյակս շատ սպեցիֆիկ է։ Բանն այն է, որ պատերից կախված էին անիմեից պաստառներ, իսկ սեղանիս դրված էին մի շարք հերոսներ՝ այդ մուլտֆիլմից։ Որքան մեծ էր իմ զարմանքը, երբ նա ոչ միայն ադեկվատ գնահատական տվեց դրան, այլև թվարկեց սերիաներ, որոնց պահերն էլ պատկերված էին պաստառներում։ Եթե ես այն ժամանակ վախենայի խոստովանել, կարող էի բաց թողնել այդպիսի հիանալի կնոջ։

7. Սովորեք պատրաստել

Ոչինչ այնքան չի գրավում կնոջը, որքան տղամարդը, ով կարողանում է պատրաստել։ Այդպիսի հմտությունը թույլ է տալիս օգնել կնոջը, երբ հոգնել է և պարզապես ուզում է հանգստանալ։

Երբ իմ կինն ու ընկերուհիները քննարկում են ամուսիններին, նա միշտ գլուխ է գովում, որ ես կարողանում եմ պատրաստել։ Ոչինչ նրան այդքան չի երջանկացնում, որքան դրա մասին պատմելու հնարավորությունը։

8. Լավը եղեք

Դարձեք այնպիսի մարդ, ինչպիսին ինքներդ կուզեիք տեսնել ձեր կողքին։

Ես միշտ ուզել եմ ամուսնանալ խնամված աղջկա հետ՝ լավ կազմվածքով և առանց վատ սովորությունների, բայց այդպիսի աղջիկներն իմ կողքով անցնում էին։ Ինչո՞ւ։ Որովհետև ես ինքս այդպիսին չէի։ Նիհարեցի, խմելը թողեցի և սկսեցի նորմալ հագնվել։ Կես տարի անց հանդիպեցի իմ ապագա կնոջը։