Իրավիճակը Գյանջայում մնում է լարված


09:10 , 11 հուլիս, 2018

Վերջին շրջանում Ադրբեջանի երկրորդ մեծությամբ Գյանջա (Գանձակ) քաղաքում իրավիճակը կտրուկ լարվել էր, որն իր գագաթնակետին հասավ հուլիսի 3-ին, երբ մահափորձ տեղի ունեցավ Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի դեմ։ Ազերի իրավապահները ձերբակալեցին 11 անձի և մահափորձի կազմակերպման մեջ մեղադրեցին Յունիս Սաֆարովին։ Բաքվի իշխանությունները 1983 թ․-ին ծնված ՌԴ քաղաքացի Սաֆարովին բացահայտ մեղադրում են Իրանի գործակալ լինելու մեջ, իսկ Գյանջայի քաղաքապետի դեմ մահափորձն էլ ներկայացնում են որպես ահաբեկչություն։ Ադրբեջանի ՆԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ Սաֆարովը 8 ամիս Իրանում անցկացնելուց հետո Ադրբեջան է ժամանել մի քանի հայտնի քաղաքական գործիչների սպանելու, Ադրբեջանում քաոսային իրավիճակ ստեղծելու նպատակով, որի արդյունքում նա պլանավորել է գրավել իշխանությունը և Ադրբեջանում հաստատել թեոկրատական իշխանություն Իրանի օրինակով։ Սակայն շատերը խիստ կասկածում են պաշտոնական տեղեկատվության իսկության առումով։

Ադրբեջանի իշխանությունները Սաֆարովի ձերբակալությունից հետո սկսել էին տարրական ահաբեկության ենթարկել քաղաքում գործող ՀԿ-ների ներկայացուցիչներին, որոնցից շատերը քննադատորեն են վերաբերվում Գյանջայի քաղաքապետի գործնեությանը։ Այս տեռորի պայմաններում էլ Գյանջայի բնակիչներից ոմանք (պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ 150-200 հոգի) հուլիսի 10-ին փորձել են հանրահավաք կազմակերպել Գյանջայի քաղաքապետարանի մոտ։ Չարտոնված հանրահավաքը ցրելու արդյունքում զոհվել են երկու բարձրաստիճան ոստիկան գնդապետներ՝ Իլգար Բալաքիշիևը և Սամեդ Աբասովը։ Ձերբակալվածների թիվը, ըստ պաշտոնական տվյալների, անցնում է 40-ը, սակայն անկախ աղբյուրները նշում են, որ ձերբակալվածների թիվն անհամեմատ ավելի մեծ է։ Ադրբեջանական իշխանությունները հուլիսի 10-ին չարտոնված հանրահավաք կազմակերպելու մեջ մեղադրում են Յունիս Սաֆարովի կողմակիցներին։

Այս պահի դրությամբ իրավիճակը Ադրբեջանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում մնում է լարված։ Գյանջան կարծես թե դառնում է երկրորդ Նրադարան՝ քաղաք, որտեղ իշխանությունների կրոնական քաղաքականության դեմ պայքարը և իրանամետ ուժերի դիրքերը աճում են, ինչի դեմ կատաղի պայքարում է Իլհամ Ալիևը։

Հ.Գ. Պաշտոնական Բաքուն Ադրբեջանում տեղի ունեցող գրեթե բոլոր խժդժությունների հետևում միշտ գտնում է Թեհրանին կամ Երևանին։ Եթե մեզ՝ հայերիս համար բացարձակ միևնույն են Բաքվի զառանցանքները, ապա Թեհրանում բավական ծանր են տանում այդ հայտարարությունները, որոնք ավելի են սրում առանց այդ էլ ոչ շատ բարիդրացիական Թեհրանի և Բաքվի հարաբերությունները։