16:37 , 16 մայիս, 2013
Հարցեր, որ այսօր բոլորիս են մտածելու տեղիք տալիս-մինչև ե՞րբ եք թանկացնելու, ինչո՞ւ չեք կանխում ու ինչքա՞ն պետք է նման ձևով ժողովրդին քայքայեք: Երբ սկսեցին խոսել գազի թանկացման մասին, ժողովուրդը սկսեց մեկնաբանել-չի թանկանա մինչև վերջին ընտրությունները: Արի ու տես՝ ինչպես միշտ ճիշտ էին: 50 և ավելի տոկոս այսօրվա կառավարությանը իրենց ձայնը տված ժողովրդի վիճակը այսօր ավելի ծայրահեղ կարող է դառնալ: Ինչպե՞ս պետք է պատասխան տաք ձեզ հավատացող ժողովրդին: Եթե թանկանա գազը, շղթայական կապով թանկանում են էլետրաէներգիան, տրանսպորտը, սնունդը: Իսկ ինչո՞վ ու ինչպե՞ս պետք է ապրենք: ՀՀ-ում աշխատավարձը կհերիքի՞ արդյոք վճարելու կոմունալ (պետական) վճարները, սնվել էլ չեմ ասում, օգտվել տրանսպորտից: Իսկ ինչպե՞ս ապրեն 20-28000 ստացող թոշակառուները, չէ՞ որ այդ գումարը նրանց ոչ թե չի բավարարի մի կտոր հաց ուտել, այլ չի բավարարի այդ տարիքում երևի պարտադիր դառած կենդանի մնալու դեղերին: Շատ հետաքրքիր է, թէ ով է հաշվարկում աշխատավարձի և կենսաթոշակի չափը: Եթե այդ մարդուն կամ մարդկանց տան այդքան մեկ ամսվա համար, նրանք քանի՞ րոպե կապրեն: Կարծում եմ՝ ինչ-որ մեկ օր ինչ-որ մեկը պետք է մտածի այս ամենի մասին, չէ՞ որ այդ ամենի արդյունքում է, որ այսօր մեծ թվեր են կազմում արտագաղթը, բաժանությունների թվի ավելացումը, նվազում է ծնելիության մակարդակը, երկրում շատանում են անօթևան և սոված մարդիկ: Չե՞ք կարծում՝ այս ամենի արդյունքում երկիրը հայաթափվում է, և մյուս ընտրություններին (ինչի մասին միայն դուք մտածում եք) մարդ չի մնա, որ ձեզ ընտրի, մարդ չի մնա, ում փողերով դուք կարող եք ձեր միլիոններին ևս մի քանի միլիոն ավելացնել: Մտածեք գոնե այս երկրի ու այս ազգի մասին, քանի որ նրանցով եք ապրում, նրանք են ձեր ընտանիքները պահում: