Խաղողի ֆիլոքսերան՝ լուրջ սպառնալիք Հայաստանի համար. ՊԳԿ


21:50 , 5 հուլիս, 2018

Ներկայումս Հայաստանում խաղողագործությանը լուրջ սպառնալիք է հանդիսանում խաղողի ֆիլոքսերան, որը վերջին տարիներին զգալի խնդիրներ է առաջացնում խաղողագործների համար: Այս մասին ասված է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

Աղբյուրի հաղորդմամբ՝ ֆիլոքսերան արագորեն տարածվում է ամբողջ Արարատյան դաշտավայրում և հետագա տարիներին պայքարը հնարավոր կլինի կազմակերպել միայն ֆիլոքսերադիմացկուն պատվաստակալների վրա պատվաստված տնկանյութի տնկման միջոցով:  

Խնդրին ավելի լավ ծանոթանալու և պայքարն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից իրականացվող «Տեխնիկական աջակցություն խաղողի ֆիլոքսերադիմացկուն հավաստագրված տնկանյութի արտադրությանը» ծրագրի շրջանակում հուլիսի 5-ին և 6-ին երկօրյա ուսուցում է կազմակերպվել,  որը նպատակ ունի ոլորտի մասնագետներին, գիտական կենտրոնների ներկայացուցիչներին, բուսասանիտարիայի տեսչության և ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակիցներին ներկայացնել  ֆիլոքսերայի մշտադիտարկման (մոնիտորինգի) իրականացման և այս վնասատուի դեմ պայքարի ժամանակակից մեթոդները: 

Ուսուցումն անց է կացնում ծրագրի միջազգային փորձագետ Լազլո Կոչիշը:

«Դաշտային մոնիտորինգը դասընթացի կարևորագույն մասն է: Մասնակիցներին կուսուցանվի, թե ինչպես կարելի է հասարակ եղանակով հայտնաբերել ֆիլոքսերայով վարակված խաղողի վազերը: Դասընթացի մյուս հատվածը վերաբերում է պատվաստակալների էտին և ձևավորմանը, ինչպես նաև պատվաստման հմտություններին»,- ասել է Կոչիշը: