Վերին Լարսը տվյալ պահին հատել է 175 բեռնատար, մինչև առավոտ կանցնեն ևս 200-ը․ մաքսակետն աշխատում է արագացված ռեժիմով


00:00 , 4 հուլիս, 2018

Armenpress.am-ը գրում է.

Վերին Լարս անցակետում ավտոմեքենաների կուտակումների հետ կապված տեղեկատվությունը ստանալուց հետո Վրաստանում ՀՀ դեսպանությունը և Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն անմիջապես կապ են հաստատել տեղի իշխանությունների հետ՝ պարզելու խնդրի հետ կապված մանրամասներ։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

 «Վրաստանում ՀՀ դեսպանության աշխատակիցները րոպեներ առաջ գտնվում էին վրաց-ռուսական սահմանի Ստեփանծմինդա-Լարս անցակետին հարող տարածքում, որտեղ հանդիպել են այնտեղ կայանած հայ վարորդներին և անցակետի վրացական հատվածի ղեկավարության հետ։ Վարորդները տեղեկացրել են, որ արդեն երկու օր է սահմանից 20 կմ հեռավորության վրա գտնվող Սնո գյուղում գործում է բեռնատարների համար նախատեսված հավաքատեղի (տերմինալ), որի բացումն ըստ վարորդների՝ ճիշտ քայլ է, քանի որ տերմինալում ստեղծված են բոլոր հարմարավետ պայմանները (բուֆետ, պետքարան, լոգարան և այլն), որպեսզի նրանք սպասեն սահմանը հատելու իրենց հերթին։ Մինչ տերմինալի բացումը նրանք խցանման մեջ էին սպասում իրենց հերթին, որն, ըստ վարորդների, նաև որոշակի վտանգներ էր պարունակում»,- ասաց Բալայանը։

Նրա խոսքով՝ Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսի հետ զրույցում ռուսական կողմը նշել է, որ տվյալ պահի դրությամբ անցակետը հատել է 175 բեռնատար մեքենա՝ հավաստիացնելով, որ մինչ առավոտ անցակետը կանցնեն ևս 200-ը։

«Մաքսակետն աշխատում է արագացված ռեժիմով։ Ռուսական կողմը նաև տեղեկացրեց, որ մաքսակետի ծանրաբեռնվածությունը պայմանավորված է զբոսաշրջային ամենաթեժ շրջանը լինելու հանգամանքով»,- հավելեց նա։

Լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել, որ Լարսի անցակետում մոտ 1500 հայկական բեռնատար է կուտակվել, որոնք բեռնված են գյուղմթերքով:

Համացանցում բեռնատարի վարորդներից մեկը տեսանյութ է հրապարակել, որտեղ ասում է, որ վարորդներից շատերը արդեն 7 օր է անցակետում են: