14:10 , 2 հուլիս, 2018ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է 6 զինվորական՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու, դրանց կատարմանն օժանդակելու կասկածանքով։ Եվս երկու հոգու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում վարույթ է ընդունվել ՀՀ զինված ուժերի առանձին ստորաբաժանումներում առանձնապես խոշոր չափերով յուրացումներ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը, մշակվել է քննչական պլան և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝արձանագրված չարաշահումների բոլոր հանգամանքները, մասնակից անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Զորամասի հրամանատարը, ՎՔՆ ծառայության պետը, ՎՔՆ ծառայության պահեստապետը ձերբակալվել են՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Զորամասի 1-ին, 2-րդ և 3-րդ դիվիզիոնների հրամանատարները ձերբակալվել են՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունը կատարելու կասկածանքով: Յուրացումներին օժանդակելու մեջ կասկածվող վարորդի և էլեկտրամեխանիկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: