Ադրբեջանի ՊՆ փոխնախարար Քերեմ Վելիևը սպառնում է Հայաստանին


16:39 , 30 հունիս, 2018

Ադրբեջանի ՊՆ փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Քերեմ Վելիևը կրկին ակտիվացել է: Սույն զավեշտալի կերպարը, ով, Արցախյան պատերազմի ժամանակ մարտի դաշտում թողնելով իր ասկյարներին, ճողոպրել էր և դրա համար գեներալի կոչում էր ստացել իր անմիջական ղեկավար Զաքիր Հասանովի պես, հիմա էլ որոշել է իր պրիմիտիվ ուղեղով մեկնաբանել քաղաքական գործընթացները Հայաստանում և 2016 թ․-ի ապրիլյան կարճատև պատերազմի հետևանքները: 

Ազերի դասալիք գեներալը նախ հայտարարել է, որ ապրիլյան կարճատև պատերազմի արդյունքում կոտրվել է հայկական բանակի ողնաշարը՝ մոռանալով նշել, որ այդ կարճատև պատերազմի ժամանակ ազերիական բանակը, կորցնելով 1000-ից ավել մարդ և մեծ քանակությամբ զինտեխնիկա, կարողացել է գրավել ընդամենը 800 հեկտար տարածք: Խայտառակ փաստերը թաքցնելու և սեփական հասարակությանը խաբելու նպատակով Բաքվի քարոզչամեքենան հորինել էր պատմություններ, որ Թալիշը, Սեյսուլանը և այլ բնակավայրեր ազատագրվել են թռնող ազերի ասկյարների կողմից, անորակ ֆոտոշոփով նույնիսկ ճիվաղ Ռամիլին էին տեղադրել Ֆիզուլի քաղաքի մուտքին գտնվող ցուցանակի վրա: Ըստ Վելիևի` հայկական բանակի անհաջողություններն ապացուցող փաստն այն է, որ ապրիլյան պատերազմից հետո փոխվեց բանակի բարձրաստիճան հրամանատարական կազմը:

Հետաքրքիր է, եթե հրամանատարական կազմ փոխելն, ըստ Վելիևի, ապացուցում է, որ բանակը պարտություն է կրել, ապա ինչպես կարելի է բացատրել այն փաստը, որ ադրբեջանական բանակը 1993-2013 թթ. ղեկավարել է Սաֆար Աբիևը, որի օրոք ադրբեջանական բանակը խայտառակ պարտություններ է կրել, և որը իրադրությունը ռազմաճակատում փրկելու համար աղերսագրեր էր գրում ԼՂՀ բանակի հրամանատարին և խնդրում զինադադար հաստատել: Երևի Բաքվում մի շրջանը մյուսի հետևից հայերին հանձնած Աբիևին պարտված չեն համարել, որ մինչև 2013 թ. թույլ էին տալիս զբաղեցնել Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնը, ով 1995 թ․-ից սկսած սեփական հասարակությանը տարեկան մի քանի անգամ խաբում էր, որ շատ շուտով հետ է վերադարձնելու կորցրած տարածքները: Զարմանահրաշ տրամաբանություն ունի մարտի դաշտից փախած գեներալ Վելիևը, ում հարցազրույցից բացահատ երևում է նրա «աբիժնիկությունը» հայերից: 

Քերեմ Վելիևն ադրբեջանական բանակի հաճախակի դարձած զորավարժությունները բացատրել է նրանով, որ այդպիսով ասկյարները օկուպացված տարածքների ազատագրման նախապատրաստական աշխատանքներ են տանում: Այսինքն` Ադրբեջանի ՊՆ փոխնախարարը բացահայտ սպառնում է Հայաստանին և Արցախին: Վելիևի էքստազն այս առումով պայմանավորված է օրերս Բաքվում անցկացված ռազմական շքերթով: Բաքվում մոռանում են, որ այդ շքերթին ներկայացված զինտեխնիկայի 90 տոկոսը նրանք ունեցել են նաև 2016 թ․-ին, սակայն կարճատև պատերազմի արդյունքները շատ «նվաստ» էին Ալիևի համար: 

Տեղի ունեցավ այն, ինչ կանխատեսում էին շատերը. Բաքվում այդ 800 հեկտարը գրավելը ներկայացվում է որպես մեծ հաղթանակ հայկական բանակի նկատմամբ, որի միջոցով Ալիևը փորձում է թոթափել հարազատ հասարակության մեջ կարծրացած այն վախը, որը կա հայկական բանակի նկատմամբ: Այս ամենի հետևանքներից մեկն է նաև Բաքվի այժմյան գերակտիվացումը: 

Մեզ մնում է հարմար առիթն օգտագործել և կրկին ազերիների մոտ ռեինկարնացնել վախը և սարսափը հայերի նկատմամբ, քանի որ միայն վախը կարող է ստիպել մեր բարբարոս, լկտի և եկվոր հարևաններին հեռու մնալ Հայաստանից: