Որոնք են ոճաբան Արմեն Գալյանի սիրելի հայկական հինգ տեսահոլովակները և ինչ պատմություններ կան դրանց հետ կապված


14:45 , 30 հունիս, 2018

Ոճաբան Արմեն Գալյանն աշխատում է հայկական շոու բիզնեսի գրեթե բոլոր ներկայացուցիչների հետ։ Այս բնագավառում գրեթե տասը տարի. ասում է՝ այն ժամանակներից ի վեր շատ բան չի փոխվել: Սիրում է ավելի շատ այնպիսի տեսահոլովակներ, որոնք ունեն ֆոտո մոտեցում: BlogNews.am-ի հետ զրույցում Արմենն առանձնացրել է իր սիրելի հինգ տեսահոլովակները, վերլուծել դրանք, պատմել այդ տեսահոլովակների հետ հետաքրքիր դրվագներ:

«Մոտավորապես տասը տարի առաջ ավելի ակտիվ էր ֆոտոոլորտը, այն ժամանակ կային ամսագրեր, և ֆոտոյի շուկան վերելք էր ապրում: Ամսագրերի համար ստեղծվում էին բավականին հետաքրքիր կերպարներ, հետո, իմ կարծիքով, վիդեոյի ակտիվությունն ավելի լավացավ, և հնարավոր է՝ այդ պատճառով է, որ վերջին տարիներին ավելի շատ ենք աշխատում տեսահոլովակների վրա: Ես շատ եմ սիրում ֆոտոարվեստը, իմ մտածելակերպն ավելի ֆոտոգրաֆիկ է»:

Առհասարակ, ինձ հետաքրքրում են պրովոկացիոն տեսահոլովակները: Ես գտնում եմ, որ փոփ արվեստը պետք է լինի մի քիչ սկանդալային և ավելի համարձակ, պետք է փլուզի հին կանոնները, որպեսզի ստեղծի նորերը, բայց կարծում եմ՝ այդ ամենն այդքան էլ մեր մասին չէ:

Տեսահոլովակում առաջնայինը և կարևորը երգն է, երաժշտությունը, և թե ինչպես է ռեժիսորն այն պատկերացնում:  Հագուստը, հերոսների կերպարները ծառայում են այդ ամենը լավագույնս ներկայացնելուն: Մենք հաճախ ունենում ենք տեսահոլովակներ, որտեղ պետք չէ ստեղծել շատ արտասավոր կերպարներ, պարզապես պետք է արտիստը, հերոսները ներկայանան գեղեցիկ, կոկիկ, առանց ավելորդությունների:

Հինգ հորիզոնական առանձնացնելը բավականին բարդ էր, քանի որ աշխատանքները բազմաթիվ են: Ընտրել եմ այնպիսի տեսահոլովակներ, որոնք մոտ են իմ ճաշակին, և որոնցում հավանում եմ իմ աշխատանքը։ 

Սիլվա Հակոբյան, Leave a light on

Բոլորս գիտենք, որ Սիլվա Հակոբյանն ունի այնպիսի տեսահոլովակներ, որոնց դիտումները միլիոնների են հասնում, իսկ այս տեսահոլովակը չունի այդքան դիտում․ հնարավոր է՝ պատճառն անգլերեն լեզուն է: Շատ եմ սիրում այս տեսահոլովակը, քանի որ այն ամբողջությամբ սպիտակ է, մաքուր, և իմ կարծիքով՝ համապատասխան Սիլվայի բնույթին, քանի որ նա չափազանց պարզ անձնավորություն է, լավ մարդ և այդ պարզությունն ու մաքրությունն այդ տեսահոլովակում փոխանցել է:

Եթե հիշում եք, այնտեղ կան բազմաթիվ կերպարներ, որոնք մաքրամաքուր սպիտակի մեջ են, և հետաքրքիր է, որ այս տեսահոլովակը նույնքան հարազատ և նույնքան տիպիկ է ռեժիսոր Արթուր Մանուկյանի համար: Նույն ոճի աշխատանքներ էլի ենք ունեցել, բայց իմ կարծիքով՝ Սիլվայինն ամենահաջողվածն էր: 

Մի տեսարանի համար մեզ պետք էր չինական հովանոց, բավականին երկար էինք փնտրում և չէինք գտնում: Մի քանի օր էր մնացել նկարահանմանը, և ես մեկ այլ գործով գնացել էի Վերնիսաժ: Տեսնում եմ՝ վաճառող կինը նստած է այդ հովանոցով, մոտենում, հարցնում եմ՝ կվաճառե՞ք, ասում է՝ այո: Հովանոցի համար պահանջում է հազար դրամ: Այդ պահին զանգում է Արթուր Մանուկյանը, ասում եմ՝ չես հավատա, բայց հովանոցը գտել եմ, ասում է՝ 50 հատ վերցրու, և դնում է հեռախոսը: :)

Մի պատմություն էլ կա այս տեսահոլովակի հետ կապված։ Երբ մենք հոգնած գնում էինք Սիլվայի հետ աքսեսուարներ գնելու, մի վզնոց եմ ընտրում։ Սիլվան զարմացած հարցնում է՝  Գալյան ջան, իսկ ո՞ր կերպարիս համար էր սա: Ասում եմ՝ այն, որ կանգնած ես, սագը՝ ձեռքդ, ում վրա էլ պետք է կախենք այս վզնոցը: Իմ պատասխանից նրա մոտ սկսվում է չդադարող ծիծաղ, ասում է՝ ես չգիտեի, որ սագի համար էլ պետք է վզնոց գնեինք:

Ես, բնականաբար, շատ եմ լսում, թե ինչ ցանկություններ ունեն արտիստները, և իրենց շատ մանրակրկիտ բացատրում եմ, եթե ինչ-որ բան սխալ են ասում: Ոճաբանի աշխատանքը կայանում է նրանում, որ լավ իմանա՝ որ գույնի հետ որն է համապատասխանում, կամ որ տեսակի հագուստն է տեղին նման իրավիճակներում: Իրականում մեր գիտելիքներն այս բնագավառում ավելի շատ են, քան սովորական մարդկանցը, այնպես որ, մեզ վարձատրում են նրա համար, որ ամեն ինչ հնարավորինս գրագետ լինի: 

Էրիկ, «Անհասանելի»

Այս տեսահոլովակը, կարծում եմ, մեր ամբողջ շուկայում շատ տարբերվում է: Այդ տեսահոլովակը նկարահանել ենք Բյուրականի աստղադիտարանից վերև գտնվող մի հսկայական վայրում: Երբ տեսանք այդ վայրը, պարզապես հիացած էինք․ այն իդեալական էր մեր ֆուտուրիստիկ գաղափարի համար: Այնտեղ շատ արտասովոր են պարողների հագուստները, իսկ տեսահոլովակում կան գունային հստակ սահմանումներ՝ արծաթագույն, դեղին և սև:

Տեսահոլովակի հերոսներից մեկը մողեսն էր: Ես շատ եմ սիրում տեսահոլովակներում և ֆոտոսեսիաներում օգտագործել կենդանիներին և այս առիթով ուզում եմ նշել երգչուհիներից մեկի հումորը, երբ ասում էր՝ Գալյան ջան, բյուջե չունենք, կլինի՞ ճանճ նկարենք: Իսկ Էրիկի տեսահոլովակում մողեսին ավելի ֆուտուրիստիկ դարձնելու համար որոշեցինք նրա վրա հայելիներ կպցնել։ Բոլորը շատ  էին վախենում մողեսից: Պետք է հայելիները կպցնեինք նրա փորի հատվածում, որը, պարզվեց, ոչ կայուն է: Մի խոսքով՝ շատ բարդ նկարահանումներ ենք ունեցել, բայց կարծում եմ՝ կերպարների առումով բավականին հաջողված էր:

Գրիգոր Կյոկչյան, «Սրտի կաթված»

Սա Գրիգորի առաջին տեսահոլովակն էր, բայց մենք իրար վաղուց էիք ճանաչում: Ամբողջ թիմի համար շատ կարևոր էր, որ նրա տեսահոլովակը լիներ հաջողված և արտասովոր, որպեսզի հաջողություն բերի Գրիգորին:

Նրա տեսահոլովակում կան արտասովոր կերպարներ՝ աղջիկների բենդ՝ գլխների վրա ինքնաթիռների տեսքով աքսեսուարներ, Գրիգորն էլ կրում էր լեգո  ակնոց, հեծանիվի հատվածում էլ շորտով էր, ինչը, կարծում եմ, առաջին անգամ էր մեր տեսահոլովակներում: Առհասարակ, շորտերն իմ սիրելի թեման են, երբ ներկայացվում են ոչ թե որպես սպորտային հագուստ, այլ քեժուալ ոճում: Ես կարծում եմ՝ դա շատ ոճային է և սազական մեր քաղաքին, բայց հաճախ չենք տեսնում այդ կիրառությունը:

Իրականում նոր արտիստների հետ աշխատելը հետաքրքիր է, քանի որ ավելի համարձակ են և հաճախ ասում են՝ արի անենք այնպիսի բան, որ մինչ օրս չի արվել: Դա ոգեշնչող է և ազատություն է տալիս ոճաբանին: Եվս մեկ մարտահրավեր է լինում, երբ շատ կայացած արտիստ ասում է՝ ուզում եմ նորարարություն փորձել, բայց նա պետք է հարյուր տոկոսով վստահ լինի, որ ուզում է փոխվել: Իրականում նման դեպքերը շատ են լինում:

Սոֆի Մխեյան և Վիգեն Հովսեփյան, «Մի քիչ»

Այս տեսահոլովակը ես շատ եմ սիրում, չնայած առաջին հայացքից դա ինձ հոգեհարազատ ոճ չէ: Սոֆին շատ շքեղ է այդ տեսահոլովակում, երգն էլ շատ ոգեշնչող է, ինչպես նաև ամբողջ իսպանական թեման: Նշածս արտիստներն ուժեղ են և պատրաստ իրենց վրա վերցնել այդ կերպարը, որը պետք է: Ի դեպ՝ Սոֆին այդ տեսանկյունից իրոք բացառիկ է և բաց՝ իմիջային առումով: Օրինակ՝ նախորդ տեսահոլովակում Սոֆիից ստացել էինք մի քիչ ավելի թինեյջերական, ժամանակակից վառ կերպար, իսկ արդեն այս տեսահոլովակում իսպանական դիվա էր: Իր մեջ կրում էր սիրային դրամա, հագուստն էլ նրա մի մասն էր, և նա զգում էր ցանկացած դետալ:

 Նարինե Դովլաթյան, «Ալ այլուղս»

Այս տեսահոլովակն իրականում բավականին արտասովոր է և տարբերվող է հայկական շուկայում: Ինչպես Սիլվայի տեսահոլովակը, սա էլ իր մեջ ունի հետաքրքիր մաքրություն և պարզություն, և ինձ համար դա չափից շատ գեղեցիկ է: Հերոսները մեզ մոտ ավելի բարձրահասակ են, քան սովորաբար լինում են մարդիկ, գույները շատ քիչ են, հագուստները՝ սպիտակ, իսկ հետևի ֆոնը գնում է դեպի մոխրագույնը: Մի շատ հետաքրքիր դրվագ կա այնտեղ թիթեռների հետ կապված, երբ հերոսների վրա և դեմքին թիթեռներ են ամրացված: Թիթեռն ինձ համար շատ գեղեցիկ սիմվոլ է, ակնթարթային գեղեցկության սիմվոլ:

Կա մեկ այլ դրվագ, որը շատ հատուկ է ինձ և որը շատ եմ օգտագործում: Տեսահոլովակում կտեսնեք դասական քանդակների կիսանդրիներ: Նարինեն այնտեղ շրջապատված է կիսանդրիներով և նրանց հետ միաժամանակ պատված է քողով: Քողը նույնպես իմ սիրելի դետալներից է: Տեսահոլովակի մեջ կան նաև փարաջանովյան կոդեր, և գունային առումով այն ոչ այնքան բնորոշ է, բայց ես համաձայն եմ, որ մոտեցումների առումով մեզ վրա մեծ է եղել մաեստրոյի ազդեցությունը: Կան մարդիկ, ովքեր հասկացել են, որ մենք գնացել ենք այդ ուղղությամբ, իսկ դա իմ և Արթուր Մանուկյանի համար մեծ կոմպլիմենտ է:

 Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի