19:00 , 30 հունիս, 2018Ի՞նչ կանեիք, եթե աֆրիկյան որևէ երկրում ճամփորդելիս լինեիք ու հանկարծ կոկորդիլոս նկատեիք․ հավանաբար խուճապահար կվազեիք, կփախչեիք նրանից հնարավորինս հեռու։ Բայց Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգուից բավականին հեռու գտնվող Բազուլ գյուղաքաղաքի բնակիչներն ամենևին էլ այդպես չեն վարվում, դեռ մի բան էլ մոտենում են կոկորդիլոսներին, շոյում, կերակրում․․․

Տեղացիները շատ հանգիստ ապրում են այդ գիշատիչ կենդանիների հետ՝ առանց վայրկյան անգամ անհանգստանալու նրանց կողմից հարձակման ենթարկվելու մասին։ «Մեր նախնիները դեռ 600 տարի առաջ են սկսել մտերմանալ կոկորդիլոսների հետ։ Դրանից հետո մենք համերաշխ ապրում ենք միասին»,- պատմում է տեղացիներից մեկը։
Հատկանշական է, որ Բազուլում կոկորդիլոսների մասնակցությամբ ոչ մի մահացու դեպք չի գրանցվել, մինչդեռ Աֆրիկայում ընդհանուր առմամբ 2010-2014 թվականների ընթացքում կոկորդիլոսները 123 մարդու են զոհել։

«Ես մանկուց սովոր եմ ապրել կոկորդիլոսների հետ։ Միասին լողացել ենք ջրում, նրանց կերակրել ենք, խնամել, խաղացել նրանց հետ ու անգամ հեծնել։ Երբ կոկորդիլոս է սատկում, մենք նրան թաղում ենք։ Հուղարկավորության արարողակարգը ճիշտ այնպիսին է, ինչպես մարդկանց համար»,- պատմում է բազուլցի Պիեռ Կաբորեն։

Բազուլում մոտավորապես 100 կոկորդիլոս կա։ Նրանց չափերը հասնում են մինչև 6 մետրի։ Նրանք սովորաբար սնվում են այլ կենդանիների մսով, թեև մարդիկ հաճախ նրանց համար թռչուններ են որսում և դրանցով նրանց կերակրում։

Բազուլ ամեն օր բազմաթիվ զբոսաշրջիկներ են գալիս՝ տեսնելու, թե որքան համերաշխ կարող են մարդիկ ու գիշատիչներն ապրել։ Շատերը, տեսնելով կոկորդիլոսներին, սարսափում են, սակայն ընդամենը րոպեներ անց վախը կորչում է, քանի որ համոզվում են՝ կոկորդիլոսներն իսկապես անվտանգ են և իրենց վրա հարձակվելու կամ իրենց ուտելու մտադրություն չունեն։
