Աշոտ Ղազարյան. «Ես չեմ սիրում իմ ծննդյան օրը»


23:15 , 15 մայիս, 2013

ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան, իսկական երևանցի, Երևանի պատվավոր քաղաքացի Աշոտ Ղազարյանը նշում է իր ծննդյան 64 ամյակը:

ArmStar.am-ը շնորհավորեց, հետաքրքրվեց` ինչպես է սկսել և անցկանցելու օրը սիրված դերասան Աշոտ Ղազարյանը:

«Օրը սկսել եմ շատ լավ տրամադրությամբ, առավոտվանից բազմաթիվ զանգեր եմ ստանում` Եվրոպայից, Ռուսաստանից, Ամերիկայից: Համ կնոջս, համ տղայիս, համ տան հեռախոսը չէր լռում, այնքան էին զանգահարում: (Մեր զրույցի ընթացքում էլ պրն. Ղազարյանին անընդհատ շնորհավորում էին. հեղինակ)»,- պատմում է դերասանը:

Աշոտ Ղազարյանի համար հաճելի էր` հումորի դպրոցի սաները առավոտյան գեղեցիկ համար են պատրաստել դերասանի համար. «Նրանք երգեցին, պարեցին ինձ համար, դրանով էլ տրամադրությունս բարձրացավ: Հիմա էլ կնոջս, տղայիս և մեր ապագա հարսի հետ նշում ենք երևանյան ռեստորաններից մեկում»:

ՀՀ վաստակավոր արտիստի համար նվերները էական չեն, սիրում է, երբ իր հարազատ մարդիկ իր կողքին են: Նա այն մարդկանցից է, որ չի սիրում իր ծննդյան օրը. «Ես իմ ծննդյան օրերը չեմ նշում, միայն այն ժամանակ եմ նշում, երբ կլոր թիվ է լինում, օրինակ մյուս տարի կնշեմ, երևի արդեն պետականորեն կնշվի»:

ArmStar.am-ը միանում է բոլոր շնորհավորանքներին և մաղթում Աշոտ Ղազարյանին առողջություն և անսպառ ստեղծագործական միտք: