21:54 , 15 մայիս, 2013-Ոչ, իմ ժողովուրդ, դու շատ ես տեսել,
Դու պիտի հիշես ապրելու համար...
Ս. Կապուտիկյան
Այսօր հաստատում ենք ոչ վաղ անցյալում ասված Կապուտիկյանի այս խոսքերը: Արդեն անցել է գրեթե 100 տարի, բայց ամեն անգամ նորովի են բորբոքվում կրքերը, երբ գիտակցում ես անպատիժ մնացած հանցագործի անտարբերության փաստը: Եվ որքան ավելի բարձր ու զգացմունքային են մեր աղաղակները, այնքան ավելի անտանելի է լռությունը: Առաջարկում եմ էլի չլռել, սակայն այս անգամ զգացմունքները փոխարինել բանականությամբ և առողջ դատողությամբ: Այսօր պիտի մեկ ու կես միլիոնի փոխարեն կրկնակի, եռակի ու քառակի ձայներ հնչեցնենք ամբողջ աշխարհով: Սա այն եզակի դեպքը պիտի լինի, որ ցույց է տալու մեր ուժը և հաստատուն որոշումը: Եկեք չընթերցենք այս տեքստը որպես հայրենասիրական գեղեցիկ շարադրանք, որն արժանի է միայն «like»-ի ու հուզական ոգևորության, որը տևում է րոպեներ, եկեք գիտակցենք ու հասկանանք գործի լրջությունը, հայե՛ր... Մասնակցենք կազմակերպվող միջոցառմանը, որի արդյունքը վայելելիս մեզ պիտի զգանք հաղթանակած ու կատարած այն սրբազան պարտքը, որը արդեն մեկ դար շարունակ խեղդում է հայի կոկորդը: Թող որ տարիներ հետո Ապրիլի 24-ին հարգանքի մեխակների կողքին հաղթանակի պսակներ ծաղկեն, ու հայ եկեղեցում նաև տոնական զանգեր ղողանջեն...
-Ոչ, ուրիշ է քո հատուցման ուղին,
Քեզ կյանքի ուրիշ ճամփա է տրված,
Դու պիտի վրեժ առնես ապրելով,
Ապրելով համառ, հազարապատիկ,
Ավերումի դեմ` քո ստեղծումով...
Դու պիտի ապրես այսպես, սրանով...
Հայեր, ու հայի այս վշտին ցավակից բարեկամներ,
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ կազմակերպվում է աննախադեպ միջոցառում` «1915 մետր իրականություն» խորագրով, որի էությունն է հավաքագրել Ցեղասպանությանը վերաբերվող բոլոր նյութերը (նկարներ, փաստեր, նամակներ և այլն) և կազմել 1915 մետր երկարությամբ պոստեր, թարգմանել 24 լեզուներով, բազմացնել 100 օրինակ և 2015 թվականի ապրիլի 24-ին միաժամանակ բացել աշխարհի 100 քաղաքներում: Նպատակն է մեկ անգամ ևս աշխարհին ներկայացնել թուրքերի կողմից իրականացրած ոճրագործության մասին, որն ուղղված էր ոչ միայն հայերի դեմ, այլ նաև ողջ մարդկության: Այս ամենը իրականացնելու համար պահանջվում է ֆինանսական, տեխնիկական աջակցություն և ամենակարևորը՝ համախմբվածություն:
Մեր ձայներով ու ակտիվությամբ սկսվող պրոցեսի մեջ կարևոր է`
-ծրագիրը հասցնել երկրի նախագահին, խնդրել ռեսուրսներ
-կապեր հաստատել սփյուռքի և արտաքին գործերի նախարարության հետ
-ընդգրկել ողջ աշխարհի հայ համայնքներին,
-համալրել ձևավորվող կամավորական խմբերի շարքերը,
-կազմակերպել լայն հասարակական քննարկումներ և հանդիպումներ
-բացել հիմնադրամ և կազմակերպել դրամահավաք
Յուրաքանչյուրիս փոքր մասնակցությունը հիմքն է լինելու մեծ գործի... Սկսենք, հայե՛ր:
Հետագա քայլերի մասին ամեն ինչ պարբերաբար կտեղեկացվի: Հարցերի և առաջարկների համար կարող եք դիմել «1915 մետր իրականություն» նախաձեռնությանը: