Ադրբեջանցիների հերթական «զոհերը» կամ ԵԽԽՎ կոռուպցիոն բացահայտումների նոր «սերիան»


10:03 , 28 հունիս, 2018

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էի, ԵԽԽՎ-ի կողմից ստեղծված հետաքննող անկախ մարմինը վեհաժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում ներկայացրեց ԵԽԽՎ-ում կոռուպցիոն գործընթացների վերաբերյալ իր զեկույցը։ Զեկույցին անհապաղ անդրադարձավ վեհաժողովի Կանոնակարգի հարցերի հանձնաժողովը։

ԵԽԽՎ ամառային նստաշրջրջանի ընթացքում վեհաժողովի Կանոնակարգի հարցերի հանձնաժողովը շարունակեց կոռուպցիայի վերաբերյալ զեկույցի բացահայտումների շուրջ իր աշխատանքը։

Մասնավորապես՝ հանձնաժողովը սահմանեց պատժամիջոցներ զեկույցում նշված պատգամավորների հանդեպ՝ տարանջատելով ներկա եւ նախկին պատգամավորներին:

Դիտարկվեցին 14 նախկին պատգամավորների գործերը, որոնց թվում են՝ Ագուստին Կոնդեն, Ալան Դեստեքսը, Լուկա Վոլոնտեն, Կարին Շտրենցը, Էլխան Սուլեյմանովը, Գորան Լինդբլադը, Տադեուշ Իվինսկին եւ այլք։

Յուրաքանչյուր պատգամավորի դեպքը ուսումնասիրելուց եւ յուրաքանչյուր պատգամավորի կողմից Կանոնակարգի խախտման աստիճանը որոշելուց հետո հանձնաժողովը սահմանեց հետեւյալ պատժամիջոցները՝ պատվավոր անդամի կոչումից զրկում, Եվրոպայի խորհուրդ եւ խորհրդարանական վեհաժողով մուտք գործելու իրավունքից ընդմիշտ զրկում։

Հանձնաժողովը շարունակելու է իր աշխատանքներն այս ուղղությամբ եւ հետամուտ է լինելու կոռուպցիայի վերաբերյալ զեկույցի յուրաքանչյուր բացահայտմանը։

Շարունակելի...