Հայկական պարոդոքս․ որքան ավելի շատ է տնտեսական աճը, այնքան ավելի վատ է ապրում ժողովուրդը


13:28 , 15 մայիս, 2013

Հայկական պարոդոքս․ որքան ավելի շատ է տնտեսական աճը, այնքան ավելի վատ է ապրում ժողովուրդը։
Վերջին 10 տարիների ընթացքում մեր բոլոր կառավարությունները հայտարարում էին ամենամյա տնտեսական աճի մասին, որը անգամ ճգնաժամից հետո չդադարեց, այլ ուղղակի դանդաղեց: Ժամանակին անգամ «Կովկասյան վագր» տերմինն էին շրջանառության մեջ մտցրել:
Մինչդեռ, քանի անցնում են տնտեսական վագրային աճի տարիները, այնքան ավելի է ընկնում ժողովրդի բարեկեցությունը, ու այս պատկերի ցայտուն դրսևորումներին մենք ականատես ենք լինում հիմա:
Օրինակ՝ մեծ պաթոսով հայտարարվում է գյուղատնտեսության ամենաբարձր աճի ցուցանիշի մասին՝ եթե չեմ սխալվում՝ 17 տոկոս, բայց մենք տեսնում ենք, որ միայն վերջին մի քանի շաբաթների ընթացքում մի քանի անգամ գյուղացիները բողոքի ակցիաներ են կազմակերպում, ճանապարհներ են փակում:
Մեզ ասում են, որ ՀՆԱ-ն անցած տարի 4 տոկոսով է աճել, բայց անձամբ իմ գնողունակությունը որպես շարքային քաղաքացի նվազել է մոտ 20 տոկոսով, այն դեպքում, երբ աշխատավարձս նույնն է մնացել:
Այսինքն՝ մեր աճը, ինչպես նաև մեր պետականության ու անկախության զգալի մասը ֆիկտիվ է և կրում է զուտ ձևական բնույթ: Եթե այդ աճը կա էլ, ապա դա պայմանավորված է Բանկային սեկտորով, որը ոչ այլ ինչ է, քան պորտաբույծ-մակաբույծ մարմին՝ ընդհանուր տնտեսության մեջ, օտարերկրյա ներդրումներով և իհարկե գների թանկացումով:
Այնպես որ, եթե տնտեսական ձեր աճը պետք է այսպիսի հետևանքներ ունենա, ապա կեցցեն լճացումն ու ռեգրեսը: