Արփինե Հովհաննիսյանը մտահոգություն է ներկայացրել ԱՄՆ կոնգրեսականներին ամերիկյան արտադրության ուղղաթիռների՝ Ադրբեջանում հայտնվելու վերաբերյալ


19:10 , 23 հունիս, 2018

Armenpress.am-ը գրում է․

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը նամակով իր մտահոգությունն է ներկայացրել ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիրին և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Թուլսի Գաբարդին ամերիկյան արտադրության «Bell 412» տեսակի ուղղաթիռների՝ Ադրբեջանի ռազմական շքերթում հայտնվելու վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արփինե Հովհաննիսյանը իր նամակում գործընկերներին գրել է, որ Ադբեջանում այդ ուղղաթիռների հայտնվելը բազմաթիվ հարցերի և մտահոգությունների տեղիք է տալիս:

«Օգտակար կլինի իմանալ բոլոր կանոնադրական սահմանափակումները: Գործադիր  իշխանությանը կամ այլ քաղաքական կառույցներին և երրորդ կողմին արգելվում է Ադրբեջանին ԱՄՆ արտադրության  ռազմական  սարքավորումների և տեխնոլոգիաների վաճառքը, փոխանցումը:  

Ես շատ ուրախ կլինեմ, եթե դուք կիսեք իմ մտահոգությունները և հետևեք այս խնդրին, ինչպես նաև, եթե հնարավոր է, ինձ տեղեկություն տրամադրեք վերը նշված հարցի վերաբերյալ»,- գրել է Արփինե Հովհաննիսյանն իր նամակում:

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում առաջինն էր ահազանգել և անհասկանալի համարել, թե ինչպես է ամերիկյան արտադրության  «Bell 412» տեսակի ուղղաթիռները հայտնվել Բաքվում՝ մասնակցելու ռազմական շքերթին: