Արման Թաթոյանը Գեղարքունիքի մարզպետի հետ քննարկել է բնակիչների բարձրացրած բողոքների լուծման ուղիները


00:30 , 21 հունիս, 2018

Armenpress.am-ը գրում է․

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն հունիսի 20-ին այցելել է Գեղարքունիքի մարզ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՄԻՊ աշխատակազմից,  նա հանդիպել է մարզպետ Իշխան Սաղաթելյանի հետ և քննարկել մարզի բնակիչների կողմից Պաշտպանին հասցեագրված բողոքների ուղղվածությունները։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել համատեղ աշխատել քաղաքացիների բարձրացրած խնդիրների լուծման ուղղությամբ:

Պաշտպանը մարզային այցի շրջանակում այցելել է նաև Ճամբարակ քաղաք և Վահան գյուղ։ Բնակիչները բարձրացրել են ինչպես համակարգային խնդիրներ, այնպես էլ ներկայացրել են անհատական գանգատներ կապված տարբեր պետական հիմնարկների հետ։ Մասնավորապես, բողոքները վերաբերել են տրանսպորտային հաղորդակցության ուղիների բացակայությանը, հաշմանդամության կարգի և նպաստի սահմանման իրավաչափությանը, ՀԽՍՀ խնայբանկում ներդրած ավանդի փոխհատուցմանը, զինծառայողների իրավունքներին և այլն: Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում միջոցներ կձեռնարկվեն արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ: Պաշտպանի՝ մարզային շարունակական այցերի արդյունքում լուծվել են քաղաքացիների բարձրացրած մի շարք խնդիրներ: