Վաչե Գաբրիելյանը նոր կառավարությանը ժամանակ տալու կողմնակից է, շատ արագ արդյունքներ չեն լինելու


21:40 , 14 հունիս, 2018

Armenpress.am-ը գրում է.

ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը գնահատում է ներկայիս կառավարության եռանդն ու ոգևորությունը՝ լուծելու Հայաստանում վաղուց ծառացած խնդիրները: Ամերիկյան համալսարանում Հայաստանի տնտեսական քաղաքականության վերաբերյալ քննարկման շրջանակներում լրագրողների հետ կարճ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց նախկին պաշտոնյան: «Աշխատանքների համար կա մեծ ճակատ, մեծ եռանդով սկսել են աշխատել, կարծում եմ՝ պետք է որոշակի վստահությամբ ժամանակ տրամադրել, որ իրենք իրականացնեն այն գործունեությունը, որ ցանկանում են, որից հետո կարելի է գնահատական տալ: Հենց հիմա գնահատում եմ եռանդն ու ոգևորությունը, որով նրանք ուզում են Հայաստանում վաղուց ծառացած խնդիրները լուծել: Արդյունքները շատ արագ չեն լինի, կարևորը կա վստահությունը ժողովրդի կողմից ու օրակարգ, որը պետք է հստակեցնել ու իրականացնել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Վաչե Գաբրիելյանը:

Նրա խոսքով՝ կառավարության ծրագրում լավ սկզբունքներ են ամրագրված: «Ողջունելի են ոգևորվածությունն ու այն նպատակները, որ դրված են կառավարության ծրագրում»,-հավելեց նա:

Ինչ վերաբերում է ազգությամբ հայ աշխարհահռչակ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի ներգրավվածությանը Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացներում, Վաչե Գաբրիելյանը կարծում է, եթե նա սկսի աշխատել Հայաստանում և ունենա մեծ ներգրավվածություն, դա կարող է արդյունք տալ: «Հայաստանը եզակի երկիր չէ, որ որևէ մեկը պետք է այստեղ ծնված-մեծացած լինի, որ ճիշտ բան ասի այստեղի մասին, բայց միևնույն ժամանակ, եթե ամենաճիշտ բաներն էլ ասի, բայց փաստերի հետ գործ չունենա, չի հաջողի: Կախված է նրանից, թե նա որքանով կընդգրկվի այդ գործընթացներում»,-հավելեց Վաչե Գաբրիելյանը:

Անդրադառնալով ներկայիս իր գործունեությանը՝ նախկին փոխվարչապետը նշեց, որ տարբեր քննարկումների է մասնակցում և հանրօգուտ աշխատանքով զբաղվելու տարբերակներ փնտրում: Այս առայժմ հանգստանում է և շարունակում դասավանդել Հայաստանի Ամերիկյան համալսարանում: Չի բացառվում, որ աշխատանքի անցի միջազգային կառույցում, այս պահին միջազգային կառույցներից աշխատանքի կարճաժամկետ ընդգրկման հնարավորություններ ունի: