Ինչպես և որտեղ սկսվեցին անցկացվել ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությունները


20:00 , 14 հունիս, 2018

1904 թ. Փարիզում հիմնվեց Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան (ՖԻՖԱ): Դրա առաջին հանդիպման ժամանակ Հոլանդիայի պատվիրակը՝ Կառլ Հիշմանը (ՖԻՖԱ-ի հիմնադիր կազմում էին նաև Ֆրանսիայի, Բելգիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի և Իսպանիայի ներկայացուցիչները), նախագիծ ներկայացրեց աշխարհի առաջնության կազմակերպման վերաբերյալ, սակայն նորաստեղծ ֆեդերացիան ֆինանսական սուղ միջոցներ ուներ այդ պահին:

Աշխարհի առաջնություններ անցկացնելու գաղափարն իրագործվեց ավելի ուշ, և այդ գործում գլխավոր դերն ունեցել են երկու ֆրանսիացիներ՝ Ժուլյու Ռիմեն ու Անրի Դելոնեն: Նրանցից առաջինը 1921-ին ընտրվեց որպես ՖԻՖԱ-ի նախագահ, իսկ Անրի Դելոնեն դարձավ նրա գլխավոր օգնականը: Սկզբում տարբեր երկրների ֆուտբոլիստների համար միայն մեկ պաշտոնական մրցույթ էր անցկացվում՝ Օլիմպիական խաղերը, որին կարող էին մասնակցել միայն սիրողական մակարդակի ֆուտբոլով զբաղվողները: Սպորտում պրոֆեսիոնալիզմի լայն զարգացումը ՖԻՖԱ-ի հիմնադիր անդամներին ստիպեց գործի անցնել, մրցաշար կազմակերպել, որին կմասնակցեն միայն աշխարհի լավագույն խաղացողները:

Ժյուլ Ռիմե

Ապագա առաջնության անցկացման առաջին իրական հեռանկարները բացվեցին 1924 թ. Փարիզում կայացած Օլիմպիական խաղերից հետո: Այդ տարի ֆուտբոլային մրցաշարին մասնակցում էին 22 երկրների հավաքականներ: Ի դեպ՝ առաջին անգամ մասնակցող Ուրուգվայի հավաքականը պարտության մատնեց եվրոպական բոլոր հսկաներին և ոսկե մեդալներ շահեց: Խաղերը մեծ հետաքրքրություն առաջացրին: Այդ ժամանակ պարզ դարձավ, որ աշխարհում ամենահայտնի ու տարածված սպորտը ֆուտբոլն է:

ՖԻՖԱ-ի 1926 թ. համագումարի ժամանակ Անրի Դելոնեն հայտնեց. «Այսօր այլևս հնարավոր չէ ֆուտբոլը Օլիմպիական խաղերի շրջանակներում պահելը»: ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեն ստեղծեց հանձնաժողով և հանձնարարեց նրան ուսումնասիրել աշխարհի գավաթի մրցաշարի կազմակերպման հնարավորությունները: Հանձնաժողովը, որի կազմում էին շվեյցարացի Ժ. Բոննեն, ավստրիացի Հ. Մայլզը, ֆրանսիացի Ա. Դելոնեն, գերմանացի Ֆ. Լինեմանը, իտալացի Դ. Ֆերետին, լուրջ աշխատանքներ էր իրականացնում ու մի օր վերջապես իր ծրագիրը ներկայացրեց ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեին:

Աշխարհի առաջնության վերաբերյալ վերջնական որոշում ՖԻՖԱ-ի համագումարը կայացրեց 1928 թ. մայիսի 29-ին Ամստերդամում:

Առաջին առաջնության անցկացման համար դիմորդ-երկրները 5-ն էին՝ Իտալիան, Իսպանիան, Շվեդիան, Հոլանդիան և Ուրուգվայը: Վերջիվերջո, մեծամասնությունը քվեարկեց Ուրուգվայի օգտին: 1924 և 1928 թվականներին օլիմպիական մրցաշարերում հենց Ուրուգվայն էր հաղթող ճանաչվել, և հենց այս երկրի ներկայացուցիչն էլ խոսք տվեց աշխարհի առաջնության կազմակերպման համար կատարել ՖԻՖԱ-ի բոլոր պահանջները:

Ինչ վերաբերում է Անրի Դելոնեին, ով ՖԻՖԱ-ի ակտիվ գործիչներից մեկն ու աշխարհի առաջնության կազմակերպման մտահղացման հեղինակն էր, նա հետագայում առաջարկեց ստեղծել Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միություն (ՈՒԵՖԱ): Այս մրցաշարի հաղթողները պարգևատրվում են հենց նրա անունը կրող գավաթով:

ՖԻՖԱ-ի առաջին գավաթը պատրաստելու պատիվն ու պատասխանատվությունը տրվեց փարիզեցի ոսկերիչ Աբել Լեֆլերին: Ոսկե գավաթը խորհրդանշում էր հաղթանակի հունական աստվածուհի Նիկեին: Դրա բարձրությունը շուրջ 30 սմ էր, կշռում էր 1 կգ 800 գ: 1946-ին ՖԻՖԱ-ն որոշեց գավաթն անվանել Ժյուլ Ռիմեի գավաթ:

Իրական սենսացիա առաջացրեց ողջ աշխարհում «Ոսկե աստվածուհու» առևանգումը, որը տեղի ունեցավ 1966 թ. մարտի 19-ին՝ առավոտյան՝ ժամը 11-ին, Լոնդոնում: Ոսկե գավաթը համընդհանուր ցուցադրման էր դրվել Վեստմինստերյան պալատի սրահներից մեկում, որտեղ անցկացվում էր միջազգային ֆիլատելիստական ցուցահանդես: Մեկ շաբաթ անց գավաթը հայտնաբերեց հասարակ մի շուն:

1970-ին բրազիլացիները երրորդ անգամ նվաճեցին «Ոսկե աստվածուհուն», և համաձայն այն ժամանակ գործող կանոնակարգի՝ գավաթը նրանց հանձնվեց մշտական պահպանման համար:

1983-ին գավաթը կրկին առևանգեցին Ռիո դե Ժանեյրոյում գտնվող Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայից, և դրանից հետո դրա ճակատագիրն անհայտ է:

1974-ից սկսած ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթը սկսեց փոխանցվել երկրից երկիր: Այն պատրաստել է իտալացի ոսկերիչ Սիլվիո Գազանիգան մաքուր ոսկուց: Դրա քաշը 4,970 գրամ է, բարձրությունը՝ 36 սմ: Հաղթողները մշտական պահպանման համար ստանում են գավաթի ոչ իրական, սակայն նույնանման ոսկեզօծ տարբերակը: