Տունս ավելի շենվեց


12:52 , 14 մայիս, 2013

Հեռուստացույցը միացրած էր մնացել: Մեկ էլ լսում եմ՝ Լուսինեի ձայնն է: Զարմացա: Մոտեցա, տեսնեմ՝ էդ ո՞ր ալիքն է «սխալվել» ու Լուսինե տալիս: Տեսնեմ՝ եկեղեցի են ցուցադրում: Ի՜նչ եկեղեցի: Աստվածային մի փառահեղ տաճար: Ակնթարթների ընթացքում սկսեցի մտաբերել՝ ո՞ր եկեղեցին է, որտե՞ղ է: Զարդաքանդակների առատությամբ նման է Վանի Աղթամարին: Ամբողջն ասեղնագործություն: Ի՜նչ գեղեցկություն: Որքա՜ն հայկական: Ինչպե՞ս կարող էի մինչև հիմա չիմանալ այս սքանչելի եկեղեցու մասին: 
Մեկ էլ լսում եմ. «Մայիսի 14-ին, ժամը 15-ին..., ... Գագիկ Ծառուկյանը...» 
Ճիշտն ասած՝ անակնկալի եկա: Ես միշտ կարծել եմ, որ օլիգարխները միայն նյութապաշտ են լինում, հետևաբար ազգային դիմագիծ չունեցող մարդիկ են: Բայց պարզվում է, այդ եկեղեցին արդեն վեցերորդն է, որ կառուցված է Ծառուկյանի հովանավորությամբ: Դժվարանում եմ հիմա որևէ գնահատական տալ օլիգարխների պաշտամունքի ուղղվածության վերաբերյալ: Ու ոչ էլ ինձ դա հետաքրքիր է, եթե անկեղծ լինեմ, գոնե այս պարագայում: Վերջապես ամեն մարդու պաշտամունքի առարկան իր խղճին է: 
Ինձ համար կարևորը փաստն է, որ կատարվել է աստվածահաճո գործ: Ազգահաճո գործ: Արդեն միայն հեռուստաէկրանից իսկ երևում է, որ գործի մեջ ՀՈԳԻ է դրվել, խիղճ ու սեր է դրվել: Ինձ համար դա շատ ուրախալի բան է, և իսկապես ուրախ եմ: Հիացած եմ: Հազարավոր տարիներ այդ հիանալի եկեղեցին, Աստծո օրհնությամբ, կծառայի ազգիս: 
Շնորհակալ եմ Ծառուկյանին, ճարտարապետներին, հոգևորականներին, Էջմիածնին, շինարարներին, բոլոր նրանց, ովքեր մասնկացել են եկեղեցու շինությանը: 
Հազա՛ր ապրեք: 

Հ.Գ. Տարոսը մյուս օլիգարխներին: