Դերասանուհի Աիդա Թորոսյանն՝ ամերիկյան կյանքի, նախկին ամուսնու հետ ունեցած հարաբերությունների և նոր նախագծերի մասին


15:00 , 14 հունիս, 2018

Դերասանուհի Աիդա Թորոսյանին հայ հանդիսատեսը ճանաչեց Հրաչ Քեշիշյանի «Եղնիկների կածան» քսանհինգ մասանոց հեռուստասերիալից, որտեղ մարմնավորում էր գլխավոր հերոսուհուն: Աիդան արդեն երեք տարի է՝ ընտանիքի հետ բնակվում է ԱՄՆ-ում, վարում առավոտյան «Բարի լույսը», ուսումնասիրում իր համար նոր բնագավառներ և մասնագիտություններ: Իսկ հունիսի 17-ին լոսանջելոսաբնակ հայությունն «Ալեքս» թատրոնում հնարավորություն կունենա տեսնելու ռեժիսոր Դավիթ Թադևոսյանի «Փախիր կնոջիցդ» ներկայացումը, որում խաղում է նաև Աիդան:

«Եղնիկների կածան»-ի ավարտից հետո Աիդան հայկական հեռուստանախագծերում նկարահանվելու առաջարկներ ստացել է, բայց մերժել է. «Հիմա բնակվում եմ ԱՄՆ-ում, և առաջարկն այնպիսին պետք է լինի, որ ինձ գրավի թե՛ ֆինանսապես, թե՛ որպես նախագիծ: Դեռևս այնպիսի հետաքրքիր առաջարկ չի եղել, որ ես թողնեմ իմ այստեղի աշխատանքը և մի քանի ամսով գամ նկարահանումների, բայց ես բաց եմ նոր առաջարկների համար»,-BlogNews.am-ի հետ զրույցում նշեց Աիդան: 

«Եղնիկների կածան»-ն առաջինն առաջարկը չէր հայկական նախագծերում նկարահանվելու, բայց առաջին մեծ փորձն էր. «Նախկինում նկարահանվել եմ «ATV» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Խաչվող հետքեր» հեռուստասերիալում: Երկուսն էլ միանգամայն տարբեր աշխատանքներ էին թե՛ պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից, թե՛ մասշտաբային առումով: Իհարկե, ուրախ եմ, որ ունեցա այդ հնարավորությունը»:  

Նախագծում նկարահանվելու համար հատուկ տաբուներ և պահանջներ չունի, պարզապես կերպարը կերտելիս չափազանց կարևորում է, թե ինչքանով են նրա քայլերն արդարացված. «Ինձ համար սկզբունքային է, որ կերպարիս խոսքը կամ արարքները համապատասխանեն իրենց ներքին բնույթին»:  

Աիդայի առավոտները վաղ են սկսվում. ԱՄՆ-ում ամեն առավոտ վարում է «Բարի լույս, հայեր» ծրագիրը. «Առավոտներս բավականին թեժ և բուռն են լինում, պետք է հասցնեմ նախապատրաստվել, նյութերը դասակարգեմ և ներկայանամ հեռուստադիտողին: Ունեմ մի քանի բիզնես նախագծեր, որոնցով օրվա ընթացքում զբաղվում եմ, ինչպես նաև ուսումնասիրում եմ սննդաբանություն, որը, կարելի է ասել, իմ կրքերից մեկն է: Սովորում եմ Նյույորքյան համալսարանում, բացի դրանից՝ փորձում եմ օրս հագեցնել ընկերներիս հետ շփումով կամ, օրինակ, պարի դասերի, մեդիտացիայի, յոգայի հաճախելով: Ամեն օր այցելում եմ մարզասրահ, որպեսզի միշտ լինեմ ռիթմի մեջ: Իհարկե, կարևորություն եմ տալիս նաև ընտանեկան շփմանը և փորձում եմ օրվա ընթացքում ինչ-որ ժամանակ հատկացնել ծնողներիս, ինչպես նաև քրոջս հետ պարզապես զրուցելուն»:

Թե՛ դերասանությամբ և թե՛ հաղորդավարի աշխատանքով հաճույքով է զբաղվում, բայց դերասանությունն ավելի մոտ է, քանի որ ունի կրթություն. «Հաղորդավարությունը նոր եմ ուսումնասիրում և ունեմ բաց տեղեր, որոնք փորձում եմ լրացնել թե՛ կոլեգաներիս շնորհիվ, թե՛ ինքս ինձ վրա աշխատելով»:

Աիդան բավականին ինքնուրույն մարդ է։ Ասում է՝ ծնողների դաստիարակությունն է այդպիսին եղել. «Ինձ և քրոջս դեռ մանկուց այդպես են դաստիարակել՝ որպես ինքնուրույն անհատների, և մեզ միշտ խրախուսել են, որպեսզի մեր հարցերն ինքներս լուծենք: Ֆինանսական տեսանկյունից չեմ կարող ասել, որ փոքր տարիքից ինքնուրույն եմ եղել և ծնողներիցս առանձին կարողացել եմ իմ բոլոր հարցերը լուծել, երևի թե ավելի չափահաս տարիքից ֆինանսապես կարողացա ավելի հաստատվել, իսկ հիմա, փառք Աստծո, ֆինանսապես անկախ եմ ծնողներից։ Իհարկե, հաճելի զգացողություն է դա»:

Գաղտնիք չէ, որ Աիդայի նախկին ամուսինը դերասան և ռեժիսոր Տիգրան Նալչաջյանն է. դերասանուհին չարությամբ չի խոսում նրա մասին և ոչ էլ փորձում է շրջանցել բաժանության փաստը, հակառակը՝ դրական է խոսում նախկին ամուսնու մասին. «Ես այն մարդկանցից եմ, ով համարում է, որ անցյալը պետք է մնա անցյալում, որովհետև խորանալ այնտեղ և մի բան էլ փորձել փոխելը պարզապես անմտություն է: Բայց ինչ կապված է իմ նախկին ամուսնու հետ, կարող եմ միանշանակ ասել, որ մեզ մոտ միայն դրական հարաբերություններ են: Պարբերաբար կա շփում, և ինձ համար կարևոր է, որ նա լինի երջանիկ։ Համոզված եմ՝ նույնն էլ նա է ինձ համար ուզում: Նա հիանալի անձնավորություն է և լավ մարդ: Ուրախ եմ, որ մեզ մոտ այդ իրական շփումը և կապը կան մինչ օրս, և որևէ տեսակի թշնամանք կամ իրար հանդեպ բացասական տրամադրվածություն չկա»:  

«Միգուցե բաժանությունը կարող է մարդուն զգուշավոր դարձնել արդեն իր հետագա ընտրությունների հարցում, սակայն իմ դեպքում չեմ կարծում, որ միայն դա էր․ հասունանում ես, փոխվում է քո աշխարհայացքը, դիմացինի մեջ քո հիմնական արժեքները գնահատելու այդ չափանիշներն են փոփոխվում, այնպես որ, հիմա շրջահայաց եմ և ավելի այլ կերպ եմ նայում, բայց ոչ զգուշավոր: Զգուշավորությունը երբեք էլ հետաքրքիր չէ, երբեք էլ մենք հստակ չենք կարող իմանալ՝ տվյալ հարաբերությունը լավագույնն է, թե ոչ: Ես կողմնակից եմ դիմելու քայլերի, որ միգուցե ռիսկային թվան և հետագայում գուցե ամենաքաղցր պտուղները տան»:

Այն հարցին՝ ինչ-որ կերպ ԱՄՆ-ում բնակությունն ազդե՞լ է տեսակի և մտածելակերպի վրա, դերասանուհին պատասխանում է. «Չեմ կարող ասել, որ այս վերջին երեք տարիներին Միացյալ Նահանգներում բնակությունն է փոխել ինձ կամ իմ կյանքը, ես չեմ կարծում, որ փոխվել եմ որպես մարդ, և իմ տեսակը, բայց իմ աշխարհայացի մեջ կան որոշակի փոփոխություններ, որոնք ուղեկցվում են նաև ժամանակի գործընթացով, այսինքն՝ միայն Միացյալ Նահանգներում բնակությունը չեմ կարծում՝ ինչ-որ փոփոխությունների առիթ հանդիսանար: Այս պահին ավելի գնահատում եմ ներդաշնակությունն ինքս ինձ հետ, փորձում եմ լինել ավելի լսող, ավելի հասկացող, որից ավելի կաղում էի իմ երիտասարդ տարիքում»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները տրամադրել է Աիդա Թորոսյանը