Ո՞վ է երեխայի ծնողին ծեծող տնօրենը, և ո՞վ է նրան հովանավորում


11:26 , 14 մայիս, 2013

Օրերս սկանդալային դեպք էր տեղի ունեցել Երեւանի Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցում, որը ցնցել էր ողջ համացանցը` դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը ծեծի էր ենթարկել աշակերտուհու մորը: Միջադեպին մասնակից էր եղել նաեւ դպրոցի պահակը, ով նույնպես բռնության էր ենթարկել Նատալյային:

Տեղեկանալով այս միջադեպի մասին՝ մեր՝ ծնողներիս կարծիքները բաժանվեցին: Մի մասը գտավ, որ այս անգամ էլ կհաջողվի դպրոցի տնօրենին «ջրից չոր դուրս գալ», քանի որ դա նրան հաջողվում է վերջին գրեթե 20 տարին: Մյուս մասն էլ, թե նրա գլխին «սեւ ամպեր» են կուտակվել, եւ այս դեպքը կդառնա նրա պաշտոնանկության պատճառը:

Գայանե Սարուխանյանն իր դիրքերն ամրապնդեց Վանո Սիրադեղյանի շնորհիվ՝ դառնալով «Շամիրամ» կուսակցության համանախագահն ու ԱԺ պատգամավոր: Բայց բավական էր Սիրադեղյանի դիրքերը փոքր-ինչ սասանվեին, եւ նա ավելի հզոր հովանավոր գտավ՝ ի դեմս Վազգեն Սարգսյանի: Սպարապետի մահից շատ չանցած, նրան հաջողվեց վայելել Ռոբերտ Քոչարյանի բարեհաճությունը՝ օգտագործելով այն հանգամանքը, որ նրա երեխաները սովորում էին իր ղեկավարած դպրոցում: Բացի այդ, ոչ միայն Երեւանում, այլեւ եղբոր միջոցով Վանաձորում, բառիս բուն իմաստով, աղուհացով էին դիմավորում Քոչարյանին ու ակտիվորեն լծվել էին նրա քարոզարշավին՝ նախագահական ընտրությունների ժամանակ: Քոչարյանից հետո էլ տիկին Գայանեն առանց հովանավոր չմնաց, գոնե կրթական համակարգում եւ ծնողների շրջանում խոսում են, որ նա հիմա էլ առաջին տիկնոջ՝ տիկին Ռիտայի հովանավորությունն է վայելում: Գուցե խոսակցությունները հենց ինքն է տարածում, բայց տպավորությունն այդպիսին է, որ նրան ամեն ինչ թույլատրելի է, իսկ դա հնարավոր է միայն նման հզոր հովանավոր ունենալու պարագայում:

Ընդ որում՝ «կադրերի բանկում է» նաեւ նրա եղբայրը՝ մոսկվաբնակ վանաձորցի գործարար Արմեն Սարուխանյանը, ում թեկնածությունը շոշափվում է այն շրջանում, երբ Լոռվա մարզպետի եւ Վանաձորի քաղաքապետի դիրքերը թուլանում են: Թեպետ այդ ասեկոսեների մի մասը ժամանակի ընթացքում հերքվում է, բայց կարեւորն այն է, որ հանրությանը լսեցնել են տալիս, որ իրենք ամուր են կանգնած: Թեեւ չար լեզուներն ասում են, որ Սարուխանյանների ընտանիքն այլեւս չի օգտվում նախագահական նստավայրի բարեհաճությունից, բայց մարդիկ կասկածելու հիմքեր ունեն: Հենց միայն այն, որ կրթության եւ գիտության նախարարի ու Երեւանի քաղաքապետի հատուկ հրահանգներով դպրոցների մեծ մասում վերացել է դպրոցի ֆոնդի համար գումար հավաքելը, բայց Չեխովի դպրոցն ինչպես կար, այնպես էլ շարունակում է ֆոնդի գումար հավաքել՝ յուրաքանչյուր երեխայից 500-ական դրամ: Անգլերենի խորացված ուսուցման համար են գումարներ հավաքում՝ յուրաքանչյուր աշակերտից 4 հազարական դրամ, եւ դրան օրինական ձեւակերպում չեն տալիս: Դպրոցի բուֆետի միջոցով բազում մեքենայություններ են անում, եթե չասեմ, որ հենց այդ բուֆետի գոյությունն է անօրինական՝ վաճառում են ինչ ասես եւ ինչ գնով ասես: Պահակի համար յուրաքանչյուր աշակերտի ծնողից գումար են հավաքում՝ 100-ական դրամ, իսկ եթե ոմանք հրաժարվում են, ապա այդ գումարը լրացնում են ֆոնդից: Եվ պատահական չէ, որ այդ պահակը ծեծի է ենթարկում աշակերտի ծնողին՝ նրանից դպրոցի տնօրենի հետ տեղի ունեցած միջադեպի ձայնագրությունը խլելու համար: Ի դեպ, Գայանե Սարուխանյանի հարազատ քույրն էլ Երեւանի կենտրոնի դպրոցներից մեկ ուրիշի տնօրենն է եւ, ինչպես ասում են՝ լավագույն ավանդույթները շարունակողը: 

Մենք ուշադիր հետեւում ենք, թե այս դեպքն ինչ ընթացք է ստանալու, եւ արդյո՞ք այս անգամ պատժվելու է մշտապես անպատիժ մնացող տիկին Սարուխանյանը: