12:40 , 12 հունիս, 2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հրամանագրով Նարեկ Բաբայանը նշանակվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Նարեկ Բաբայանին նշանակել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ»,-ասված է Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշման տեքստում։
Նարեկ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում նշանակման վերաբերյալ գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև.
«Սիրելի ընկերներ,ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել եմ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ:
Առավելագույն ներդրումս կբերեմ այդ պատասխանատու պաշտոնում ծառայելիս: Ակնկալում եմ յուրաքանչյուրի աջակցությունը, ովքեր կունենան ոլորտին կամ դրան առնչվող կոռուպցիոն ռիսկերին ու սխեմաներին վերաբերող տեղեկատվություն:
Ծառայում եմ Հայաստանի ժողովրդին»:
Կենսագրությունը
2017թ.-ի խորհրդարանական ընտրություններին ԵԼՔ դաշինքի կողմից առաջադրվել է որպես ԱԺ պատգամավորի թեկնածու թիվ 2 ընտրատարածքում (Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն)։
Ծնվել է 1984թ. հունիսի 17-ին, Երևանում:
2001թ.-ին ավարտել է թիվ. 185 միջնակարգ և Չայկովսկու անվան երաժշտական դպրոցները:
2001-2005թթ.-ին սովորել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում:
2005-2007թթ.-ին ծառայել է ՀՀ Զինված Ուժերում:
2007-2009թթ.-ին աշխատել է որպես ջրամատակարարման, ջեռուցման և հովացման համակարգերի տեղակայման մասնագետ:
2009-2013թթ.-ին աշխատել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում:
2013թ.-ից մինչ օրս աշխատում է Մտավոր սեփականության գործակալությունում՝ որպես գյուտերի և օգտակար մոդելների փորձագետ:
2008թ. մարտի 1-ից հետո եղել է «ՀԻՄԱ» երիտասարդական նախաձեռնության հիմնադիրներից:
2013թ.-ից «Քաղաքացիական Պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման անդամ է:
2015-2016թթ.-ին եղել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Վարչության անդամ։