Պատերազմում մարդ սպանեցինք, բայց մարդասպան չդառանք…


21:54 , 13 մայիս, 2013

Շատերը կյանքում մարդ չեն սպանել, բայց մարդասպան են: Մարդասպան են, որովհետև ոչնչացնում են մարդու մեջ ամեն ինչ..անցյալը, ներկան, ապագան, սպասումները, ապրումները՝ մոռանալով, որ այդ մարդկանց անցյալի, ապրումների, սպասումների մեջ է եղել հենց իրենց ներկան ու ապագան: Ազատամարտիկների անցած կյանքով է պայմանավորված եղել մեր ներկան ու ապագան: Եթե ազատամարտիկն անցյալ չունենար, մենք չէինք ունենա ներկա ու ապագա: Մեծ խելք ու անգամ մեծ սիրտ պետք չէ հասկանալու համար այս տարրական պարզ հավասարությունը:

Հիմա ազատամարտիկները չունեն ապագա, այն ապագան, որն ունեցանք մենք բոլորս ի շնորհիվ իրենց:
Հիշում եմ, կար ժամանակ, որ հարսանիքներն ու քեֆերը սկսում էինք ազատամարտիկների հիշատակի կենացն ասելով, նրանց օրհնելով: Մարդիկ հարազատին կորցնելուց վիշտն ի ցույց չէին դնում, որովհետև ամոթ էր. կողքի մուտքում մայրն իր ազատամարտիկ որդու կորուստն էր սգում, նրա կորուստն ավելի մեծ էր… Մյուսները լուռ սգում էին իրենց վիշտը ու զորակցում վշտահար մորը: Որդի էր կորցրել…բնության դեմ քայլ էր: Նման բան չի կարող լինել….

Իսկ ի՞նչ եղավ հիմա: Ի՞նչը փոխվեց: Նույն հայը չէ՞: Այդքան շուտ մոռացա՞նք: Ուրացա՞նք:

Արդարանալու տեղ չունենք, դեռ երկու տասնյակ տարի է անցել, դեռ վերքերը թարմ են, փառք Աստծո, կենդանի վկաներ ունենք, մարդիկ, որ իրենց գոյությամբ փաստում են այդ իրողությունը, որոնց մենք տեսնում ենք ամեն քայլափոխի, ամենուրեք, տրանսպորտում, հասարակական վայրերում, տեսնում ենք ու … անտեսում: Իսկ տարիներ շարունակ դպրոցում մեզ սովորեցրել են հարգել ու պատվել Համաշխարհային երկրորդ պատերազմի մասնակից «պապիկներին»: Նրանցից ոչ ոք չի անտեսվել ու անհարգալից վերաբերմունք չի ստացել որևէ դպրոցականի ու իհարկե երկրի ղեկավարի կողմից: Աններելի էր: Հիմա այդ դպրոցականներն իրենք են պատերազմել. բայց չկան արդեն նրանց հարգող դպրոցականներն ու ղեկավարները:

Ուզում եմ հասկանալ, թե որտե՞ղ ենք սխալվել….

Պատերազմում մարդ սպանեցինք, բայց մեկ է, մարդասպան չդառանք…ու մեկ ա մաղթում եմ, որ գիշերվա կեսին ձեր երեխեքը գան, ասեն՝ պապ, սոված ենք, դուք էլ հաշմանդամի սայլակի վրա նստած, չէ, ՎԵՐ ԸՆԳԱԾ մտածեք, թե ոնց վաղը առավոտ մի տեղից մի կտոր հաց ճարեք.ՍՐՏԱՆՑ: