Դեպրեսիայի թաքնված ախտանիշներ, որոնք կարող են վտանգավոր լինել հետագայի համար. ուշադիր եղեք


08:30 , 11 հունիս, 2018

Հոգեբանները վստահեցնում են, որ դեպրեսիան այն զգացումը չէ, որը միանգամից երևում է: Նման իրավիճակում գտնվող մարդն ուղղակի սկսում է ոչ լիարժեք լինել, դադարում է ստանալ կյանքից դրական զգացումներ: Թախիծն ու տխրությունը դեռ չեն նշանակում դեպրեսիա: Վերջինս կարող է ավելի թաքնված ու վտանգավոր լինել: Նման իրավիճակը սովորաբար օգնություն է պահանջում: Դեպրեսիայի ախտանիշները հիմնականում լինում են այսպիսին:

Ուժեղ հոգնածություն

Արթնանալուց մի քանի ժամ անց մարդուն պատում է խիստ հոգնածությունը, առաջանում է ամեն ինչ թողնելու և անկողնում հայտնվելու ցանկություն:

Ցածր ինքնագնահատական

Դեպրեսիայի ժամանակ շատերը սկսում են թերագնահատել իրենց: Նրանց սկսում է թվալ, թե իրենք ամեն ինչ սխալ են անում:

Կենտրոնանալու ունակության կորուստ

Դեպրեսիայի ժամանակ ցրվածությունը հասնում է բարձր մակարդակի: Մարդը չի կարողանում կենտրոնանալ նույնիսկ ֆիլմի կամ գրքի բովանդակության վրա:

Անքնության առաջացում

Մարդը հոգնածություն է զգում, պառկում է քնելու, և նրան դա չի հաջողվում: Երբեմն պատահում է լրիվ հակառակը. մարդն ուղղակի քնում է օրվա կեսը և երբեմն դրանից ավելի:

Հետաքրքրության կորուստ

Հետաքրքրության բացակայությունը խլում է անգամ սիրելի գործով զբաղվելու ցանկությունը: Սովորաբար այն արտահայտվում է աննպատակ գործունեության դրսևորմամբ: Մարդը կարող է ամբողջ օրը պառկել կամ նստել: Այդ գործընթացին խանգարող յուրաքանչյուր մանրուք կարող է նյարդայնացնել: Նման իրավիճակը սկսում է փչացնել ամեն ինչ՝ աշխատանք, հարաբերություններ, ոչնչացնում է տանից դուրս գալու ու որևէ բան անելու ցանկությունները: