Պետական վերահսկողական ծառայության պետն ավելի շատ բացահայտումներ է ակնկալում ԱԱԾ-ից


11:00 , 8 հունիս, 2018

Armenpress.am-ը գրում է.

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն արդեն իր համար հստակեցրել է, թե որ կառույցներից է սկսելու ուսումնասիրությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Սանասարյանն ասաց կառավարության հերթական նիստից առաջ՝ լրագրողների հետ ճեպազրույցում:

«Կան պատկերացումներ, սակայն դրանց մասին կխոսենք, երբ կառույցն ունենա կանոնադրություն: Այսօր կառավարության շենքում այս հարցով կլինի նիստ, կհստակեցնենք ամեն բան, ինչից հետո վարչապետի հետ կսահմանենք առաջնահերթությունները»,- հայտարարեց նա: Հարցին, թե արդյոք որևէ կառույցում ստուգումներ իրականացրել է, Սանասարյանը բացասական պատասխան տվեց: «Ծառայությունն ունի միայն ղեկավար և տեղակալներ, աշխատողներ մենք դեռ չունենք»,- ասաց նա:

Սանասարյանը չմանրամասնես, թե որ կառույցն է համարում ամենակոռումպացվածը՝ նշելով, որ այդ մասին կխոսի միայն ուսումնասիրությունների արդյունքում հստակ փաստեր ունենալուց հետո:

Նա հայտարարեց նաև, որ Ազգային անվտանգության ծառայությանը մրցակից չի համարում: «Ազգային անվտանգության ծառայության հետ մենք համագործակցում ենք, մրցակիցներ չենք: Ուրախ կլինեմ, որ ԱԱԾ-ն ավելի շատ բացահայտումներ անի»,- ասաց Սանասարյանը: