Yerkir.am-ը գրում է.
Մայիսի 25-28-ը Վարշավայում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը:
Հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը, ամփոփելով գարնանային նստաշրջանը, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ բրիտանացի պատգամավորներից մեկը հետաքրքրվել է ՀՀ-ում տեղի ունեցող և արտաքին քաղաքական ուղեգծի հնարավոր փոփոխություններով:
«Մենք ասել ենք, որ այս փուլում ՀՀ արտաքին քաղաքականությունը որևէ փոփոխության չի ենթարկվելու, եվրասիական և եվրոպական չափումներում մեր մոտեցումը լինելու է անփոփոխ»,- ասաց նա։
Վեհաժողովում նաև կարևորվել է Հայաստանի` երկու տարբեր միությունները կամրջող դերը։ Նահապետյանը նշեց, որ բարձր է գնահատվել այն հանգամանքը, որ, լինելով ՀԱՊԿ անդամ, ՀՀ-ն շարունակում է խորացնել իր գործունեությունը ՆԱՏՕ-ի հետ։ «Առանձնակի կարևորվեց Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող խաղաղապահ առաքելություններին Աֆղանստանում և Կոսովոյում։ Այդ մասին հատուկ ընդգծեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը՝ նշելով, որ ՀՀ-ն շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի համար հուսալի գործընկեր, և իրենք պատրաստակամ են խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ»,- նշեց նա։
ՆԱՏՕ-ի ԽՎ-ն անցկացվել է մայիսի 25-28-ը Վարշավայում։