Մասիսի փոխքաղաքապետին կալանավորելու երկրորդ միջնորդությունը ևս մերժվել է


11:50 , 6 հունիս, 2018

Araratnews.am-ը գրում է.

Դատարանը մերժել է Մասիսի փոխքաղաքապետ Կարեն Օհանյանին կալանավորելու երկրորդ միջնորդությունը, որ ներկայացրել էր հսկող դատախազը։ Ֆեյսբուքյան իր էջում այդ միջնորդությանն անդրադարձել է Օհանյանի պաշտպան Զորայր Հարությունյանը, ով նշել է.

«Կարեն Օհանյանը (Մասիսի փոխքաղաքապետը) մնաց ազատության մեջ։ Կյանքիս մեջ առաջին անգամ նույն անձի վերաբերյալ կալանավորման երկու տարբեր միջնորդությունների քննարկմանն եմ մասնակցել՝ երեք օր տարբերությամբ, այն էլ առաջինը՝ քննիչի, երկրորդը (3 օր անց)՝ հսկող դատախազի միջնորդություններն էին։

Ու ի՞նչ՝ կհարցնեք դուք։ Ու էն, հարգելիներս, որ արդեն երկրորդ անգամ Կարեն Օհանյանի (Մասիսի փոխքաղաքապետի) նկատմամբ կալանավորում կիրառելու միջնորդությունը մերժվել է հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։

Չեմ նախանձում դատախազին։ Ես նրա փոխարեն գոնե այսքանից հետո կմտածեի քրեական հետապնդումը դադարեցնելու մասին»։