Էս ո՞ւր հասանք


12:42 , 13 մայիս, 2013

...Որ ստեղծագործական միությունները կարող են դատի տալ /եւ տալիս են/ իրենց միության հետ կապ չունեցող անձանց, հայտնի է բոլորին: Նրանք, ովքեր մի թեթեւ կասկած են հայտնում այդ միությունների գոյության նպատակահարմարության մասին, միությունների ղեկավարները դա ընալում են որպես սպառնալիք իրենց սեփականաշնորհած պաշտոնների նկատմամբ ու գործի են անցնում:
Բայց որ ստեղծագործական միության անդամները կարող են նաեւ մեկը մյուսի դեմ դատական հայց ներկայացնել, ա՛յ դա նորություն էր:
Այսօր իմացա, որ Հայաստանի ճարտարապետների միության վարչության անդամ Սարհատ Պետրոսյանը դատարան հայց է ներկայացրել միության անդամ, ճարտարապետ Լեւոն Իգիթյանի դեմ: Վերջինս 2012-ի հոկտեմբերի 12-ին ,,Կենտրոն,, հեռուստաընկերության եթերից, ըստ Սարհատի տարածել է 
իր ,,պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը արատավորող, իրականությանը չհամապատասխանող, բացահայտ սուտ տեղեկություններ,,:
Նախ զարմանալի է, որ այդ հեռուստաբանավեճից ամիսներ հետո է միայն Սարհատը որոշել դատի տալ Իգիթյանին: Կարելի է կռահել, թե ով է նրան հուշել դիմել այդ քայլին: 
Սակայն առավել զարմանալի է Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի բռնած դիրքը այս խայտառակ գործընթացին. ասես, հարցը իր միությանը չի վերաբերում, ասես՝ մեկնարկող դատական գործընթացի կողմերը իր միության անդամները չեն /իրոք, գործ ունենք ,,ստեղծագործական,, միության հետ/: 
Սա մի խնդիր է, որ կարող էր լուծվել միության Էթիկայի հանձնաժողովում, բայց, փաստորեն, հասել է դատարան:
Իրոք, ամոթալի է:
Ես հիշում եմ այդ հեռուստաբանավեճը, որի ժամանակ Իգիթյանը Սարհատին անվանեց ,,այգեպան,,: Չեմ կարծում, թե այստեղ վիրավորական բան կա, քանի որ Սարհատ Պետրոսյանը Սիրահարների այգու տնօրենն է: Թեպետ, Սարհատը իր ՖԲ-յան էջում տեղադրած հայտարարության մեջ դա չի նշել:
Ճարտարապետների միության նախագահի՝ այս խնդրի նկատմամբ դրսեւորած անտարբեր վերաբերմունքը չէ միայն, որ զարմացնում է:
Պակաս զարմանալի չէ նաեւ Երեւանի քաղաքապետրարանի եւ քաղաքապետի մոտեցումները այս հարցին: Ըստ էության, մոտեցում որպես այդպիսին չկա: 
Քար լռություն է: Մինչդեռ Իգիթյանը Երեւանի ավագանու անդամ է, իսկ ընդամենը օրեր առաջ նախընտրական շրջանում կանգնած էր Տարոն Մարգարյանի թիկունքում՝ իր վրա վերցնելով սիրելի թեկնածուին քարոզելու նվիրական գործը , իսկ ելույթներում էլ գովերգում էր քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածուին:
Ուշագրավ է նաեւ մեկ փաստ. քաղաքապետարանը որոշակի գումար հատկացնում Սիրահարների այգուն /կարծեմ, միակ այգին է, որ ֆինանսավորվում է քաղաքապետարանի կողմից/, որի տնօրենը, ընդգծում եմ՝ Սարհատ Պետրոսյանն է: 
Ինչեւէ, ,,ստեղծագործական մտավորականություն,, ունենք՝ աշխարհը չունի...