Ախր, ի՞նչ ա փոխվելու էս մարդկանց կյանքում մի հինգ-տասը տարի հետո


12:33 , 13 մայիս, 2013

Գնացել էինք Մարց գյուղ: Մարցագետի վրա գյուղացիների ոռոգման ջրի հաշվին արդեն երրորդ ՀԷԿ-ն են ուզում կառուցել ... բայց սրա մասին լրագրողները կգրեն: Հիմա ես ուրիշ բանի մասին եմ ուզում գրել: 

Երեկոյան անձրև սկսվեց, անձրև չէ, այլ՝ մի հեղեղ: Մի վայրկյանում ամբողջ գյուղը ջրի ու խավարի մեջ կորավ: Ցեխը սկսեց ճամփեքով հոսել, կպնել կոշիկներին: Ցեխի մեջ թաթախված քայլում ենք, մինչև ծնկները թրջված, ծանրացած ու հոգնած ոտքերով: Ամբողջ գյուղում ճանապարհներին մի հատ լույս չկա: Ճանապարհն էլ՝ դար ու փոս, հող ու քար: Քայլում եմ ու մտածում, որ լույսն ու նորմալ ճանապարհը վաղուց էլ ճոխություն չեն, բայց մարդիկ զրկված են էդ տարրական բաներից: Տարիներով էսպես ապրում են ու դրա մասին չեն էլ մտածում: Քրտնած, հոգնած սար են գնում, խոտ են հնձում, բաղ են մշակում, անասուն են պահում, գոյատևում են: Հոգնում են, արևից վառվում են, կնճռովում են, հիվանդանում են, ատամները կորցնում են, ծերանում են, բանի տեղ չեն դնում: Տները քանդվում են, հատակը ճռռում ա, ջարդված պատուհաններից քամի ա փչում, անձրևին առաստաղից կաթում ա, բանի տեղ չեն դնում: Շարունակում են ապրել: Ու ապրում են գյուղացու շիտակ, պարզ, մաքուր, բայց թշվառ կյանքով: Ու էսպես քանի-քանի գյուղեր, քանի-քանի ընտանիքներ: 

«Բնակչության 36 տոկոսը աղքատ ա», - ասում ա մեզ պաշտոնական վիճակագրությունը: Ընդհանրապես վիճակագրոությունը ինձ շատ քիչ բան ա ասում, մինչև որ էս թվերը չեմ վերածում կաթացող առաստաղներով ու ճռռացող հատակներով տներում ապրող մարդկանց: Ոտքս դնում եմ հատակին, ամեն քայլիս հետ հատակը ճռռում ա: Մտքումս սկսում եմ հաշվել, թե հենց էս նույն պահին Բաղրամյան 26-ի դիմացով քանի ջիպ անցավ ճռռալով: Քաղաքագետը երևի երկու բառով սրան կկոչեր սոցիալական անարդարություն: Ես էսօր Մարցում սրան կանվանեմ ճռռացող հատակների և ջպերի հաշվարկ: 

Իմ անհաջողություններն ու ձախորդությունները ես շատ թեթև եմ տանում, բանի տեղ չեմ դնում, իրականում էդպես չեմ էլ որակավորում: Հավանաբար նրանից ա, որ հոգուս խորքում միշտ դրական փոփոխության հեռանկար ունեմ: Իսկ իրենց թշվառությունից էսօր տխրում եմ: Ու գիտեմ՝ դա էլ նրանից ա, որ իրենց հեռանկարը չեմ տեսնում: Ու էսպես մարցյան տպավորություններով հետ ենք գալիս ոնց որ ուրիշ մոլորակից, ասենք Մարսից, մութ գիշերով, կեսգիշերով: Պահեր կան, որ խոսել չի լինում, իմաստ էլ չունի: Չորս ժամանոց ճանապարհին մի երկու բառ ենք փոխանակում ընդամենը: Հարցնում եմ. 

-Ախր, ի՞նչ ա փոխվելու էս մարդկանց կյանքում մի հինգ-տասը տարի հետո: Հեռանկար չեմ տեսնում, ո՞րն ա իրենց հեռանկարը: 

Ընկերս ինչ-որ բան ա պատասխանում: Չեմ լսում: Նորից ա կրկնում: Պատասխանից փշաքաղվում եմ: Կարո՞ղ ա ճիշտ ա ասում: Կարող ա իրոք էս մարդկանց կյանքի հեռանկարը ՄԵՆՔ ենք: Կարո՞ղ ա իրոք մեզանից ա կախված, որ մի տասը տարի հետո էս մարդկանց երեխեքը կաթացող առաստաղով ու ճռռացող հատակով տներում չապրեն: Կարող ա իրոք մեզանի՞ց ա կախված, ԱՄԵՆ ՄԵԿԻՑՍ: