Նորատուսցի Ալիկին ազատ արձակելու 10 պատգամավորների երաշխավորությունը մերժվեց


18:10 , 5 հունիս, 2018

Armtimes.com-ը գրում է.

Քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկ մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանը կմնա կալանքի տակ: Քիչ առաջ դատավոր Նելլի Բաղդասարյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, մերժեց նրան ազատ արձակելու տասը պատգամավորների երաշխավորությունը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն ու ԱԺ Ծառուկյան դաշինքի 9 պատգամավոր քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկ մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանի համարանձնական երաշխավորություն են ներկայացրել դատարան: Այսօրվա նիստին Բանդուրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դատարանին միջնորդեց պատգամավորների անձնական երաշխավորությամբ Բանդուրյանին ազատել կալանքից: Նորատուսցի Ալիկին ազատ արձակելու միջնորդություն նաեւ նախորդ նիստին էր ներկայացվել, սակայն դատարանը մերժել էր:

Հիշեցնենք, Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ էին հնչել, որի հետեւանքով 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ հրազենային վիրավորում ստացած 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը եւ 35-ամյա Արամ Պետրոսյանը տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ավելի ուշ, ստացած վնասվածքներից մահացել էր նաեւ Մուշեղ Մուշեղյանը: Սույն քրեական գործով մեղադրվում են քրեական հեղինակություններ Ալիկ Բանդուրյանը (Նորատուսցի Ալիկ), նրա թիկնապահ, Բդո մականունով հայտնի Արմեն Գասպարյանը եւ Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը։