Armenpress.am-ը գրում է.
ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 4-ին Շիրակի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին և համայնքների ղեկավարներին ներկայացրեց նորանշանակ մարզպետ Կարեն Սարուխանյանին։
Նախարարը, մինչ նորանշանակ մարզպետին ներկայացնելը, անդրադառնալով մի շարք կարևոր խնդիրների, ընդգծեց, որ իշխանությունների առջև ծառացել են նոր մարտահրավերներ, և յուրաքանչյուրի խնդիրն է գիտակցել պահի լրջությունը:
Ներկայացնելով առաջիկա խնդիրները՝ նախարարը նշեց, որ ձևավորվելու է համայնքներում օտարման ենթակա գույքի ու հողերի օն-լայն հարթակ: Սուրեն Պապիկյանը նաև ներկաների ուշադրությունը հրավիրեց վարչապետի կողմից տրված ուղերձին՝ բիզնես ծրագրերի փաթեթ ներկայացնելու կարևորությունը, ինչը հնարավորություն կտա ներդրումներ կատարելու ցանկություն ունեցողներին առաջարկել արդեն պատրաստի բիզնես ծրագրեր։
Նորանշանակ մարզպետ Կարեն Սարուխանյանն իր պատրաստակամությունը հայտնեց հարազատ լինել կառավարության որդեգրած քաղաքականությանը: «Հանդիսանալով Շիրակ աշխարհի ներկայացուցիչ, ծնունդով գյումրեցի, վստահեցնում եմ՝ ծառայելու եմ Շիրակի աշխարհի և ՀՀ հպարտ քաղաքացիներին»,-նշեց Կարեն Սարուխանյանը: