Արթուր Վանեցյանը հույս ունի հաջորդ տարի ԱԱԾ աշխատակիցների աշխատավարձերի զգալի աճ ապահովել


16:50 , 4 հունիս, 2018

Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հույս ունի, որ կառավարությունը եկող տարվա բյուջեով կավելացնի ծառայությանը հատկացվող ֆինանսական միջոցները, ինչը հնարավորություն կտա բարձրացնել համակարգի աշխատակիցների աշխատավարձերը:

ՀՀ ԱԱԾ տնօրենն այս մասին ասաց Ազգային ժողովում ՀՀ 2017թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկմանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանի հարցին: «Ես շատ եմ ցանկանում, որ մենք հաջորդ տարվա բյուջեով կարողանանք ապահովել աշխատավարձերի զգալի բարձրացում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց ԱԱԾ տնօրենը:

Անդրադառնալով ԱԱԾ արտաբյուջետային միջոցների վերաբերյալ պատգամավորի հարցին՝ Արթուր Վանեցյանը վստահեցրեց, որ ԱԱԾ-ն արտաբյուջետային միջոցներ գրեթե չունի. այն չնչին գումար է կազմում, որն ապահովում է կապի հատուկ միջոցների աշխատանքը: