Սուրենավանի շրջանում ՌԴ սահմանապահները ձերբակալել են ՀՀ սահմանը խախտած երկու անձի


14:00 , 3 հունիս, 2018

Armenpress.am-ը գրում է.

Արտաշատի սահմանապահ ջոկատի տեղամասում՝ Սուրենավան բնակավայրի շրջանում ռուսաստանցի սահմանապահները մայիսի 31-ին ձերբակալել են երկու անհայտ անձանց, որոնք անօրինական հատել են պետական սահմանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչությունից, պետական սահմանի պահպանության ժամանակակից միջոցների կիրառման շնորհիվ սահմանապահ վերակարգը կարճ ժամանակահատվածում հայտնաբերել և ձերբակալել է չարագործներին։

Սահմանախախտներն օրենսդրության սահմանած կարգով հանձնվել են ՀՀ իրավապահ մարմիններին։

Ներկայումս միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար իրականացվում է անհրաժեշտ միջոցառումների համալիր։