Անկախ զբաղեցրած պաշտոնից, օլիգարխ լինելուց, եթե որևէ մեկը «նեղում է», զանգե՛ք, կգամ, ձեր կողքը կկանգնեմ. Վ.Օսիպյանը հանդիպել է ՃՈ անձնակազմի հետ (Photo, Video)


22:10 , 30 մայիս, 2018

Մայիսի 30-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ու ոստիկանության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանը խորհրդակցություն անցկացրին ճանապարհային ոստիկանության անձնակազմի հետ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից:

Ոստիկանության պետը խոսեց օրեր առաջ ճանապարհային ոստիկանության ծառայողներին տրված ցուցումների ու հանձնարարականների, դրանց կատարման ընթացքի, թերությունների ու բացթողումների մասին: 

Վալերիյ Օսիպյանը նշեց, որ պետք է արվի ամեն ինչ ճանապարհային ոստիկանի հեղինակությունը բարձրացնելու ուղղությամբ:

Կրկին ընդգծվեց կոռուպցիոն որևէ դրսևորման բացառման և օրենքի առաջ բոլորի հավասարության անհրաժեշտությունը:

«Անկախ զբաղեցրած պաշտոնից, օլիգարխ լինելուց, եթե որևէ մեկը «նեղում է», զանգե՛ք, կգամ, ձեր կողքը կկանգնեմ, պատգամավոր կլինի, ով ուզում է՝ լինի. դուք եք օրենքը:

Բայց դա պետք է լինի կոռեկտության սահմանում»,- շեշտեց ոստիկանապետը: 


Ոստիկանության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանը, դիմելով ճանապարհային ոստիկաններին, նշեց ծառայության որակի բարձրացման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների կարևորությունը, ծառայողական պարապմունքների պատշաճ անցկացումը, առանձին ոլորտներում՝ ճանապարհային ոստիկանության հետաքննչական, հաշվառման-քննական և այլ ստորաբաժանումներում ծառայության բարելավման մասին:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ճանապարհային երթևեկության անվտանգությանը վերաբերող այլ հարցեր ևս