«Հինգ տարուց ավելի է՝ Արմավիրի մարզի ուսուցիչներն իրենց աշխատավարձերից ամսական 1 տոկոս գումար են փոխանցում «Արմավիրի մշակույթ, սպորտ, երիտասարդություն» հիմնադրամին:
Ըստ հիմնադրամի կանոնադրության՝ հանգանակությունը մշակութային միջոցառումների և դպրոցներում մարզագույք ձեռք բերելու համար է: Գումարը փոխանցվում է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ Արմավիրի մասնաճյուղին: Թավշյա հեղափոխությունից հետո, մարզպետարանի ցուցումով, դպրոցներում ուսուցիչներից ստորագրություններ են հավաքվում, թե իբր այդ գումարներն իրենք իրենց ցանկությամբ են փոխանցում հիմնադրամին, որպեսզի դպրոցներում մարզամշակութային կյանքն ակտիվացնեն, սպորտային և այլ պարագաներ ձեռք բերեն: Այսինքն՝ մարզպետարանը հետին ամսաթվով փաստաթղթեր է սարքում՝ փորձելով օրինական դաշտ բերել մի բան, որի «անունը կա, ամանում չկա»:
«Չենք իմանում, թե այդ փողերն ուր են գնում, ինչ նպատակի են ծառայում: Միայն գիտենք, որ ամեն ամիս մեր աշխատավարձից 1000-ական դրամ են «քաշում», անունն էլ դնում են կամավոր: Սա կամավոր չէ, կամավոր-պարտադիր է»,- ասացին գյուղական դպրոցներից մեկում՝ խնդրելով չհրապարակել իրենց անունները:
Այդ դպրոցի աշխատակիցները նույնիսկ ցանկացել են նամակով դիմել ԿԳ նախարարին ու խնդրել, որ հիմնադրամի 1000-ական դրամներն այլևս իրենցից չպահեն, բայց նրանց համարձակությունը չի ներել: Մտածել են՝ հետքերով կգան, ու իրենց համար լավ չի լինի»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: