Դավիթ Տոնոյանը խոստանում է նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը բանակում


21:50 , 28 մայիս, 2018

Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը խոստանում է ամրապնդել ու բարձրացնել բանակի մարտունակությունը, փոխել Զինված ուժերի մենթալիտետը, նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարը նման հայտարարությամբ հանդես եկավ Սարդարապատի հուշահամալիրում՝ պատասխանելով հարցին, թե որոնք են լինելու իր առաջին քայլերը պաշտպանության նախարարի պաշտոնում: «Ամրապնդելու եմ, բարձրացնելու եմ բանակի մարտունակությունը, փոխելու եմ զինված ուժերի մենթալիտետը, նվազեցվելու են բոլոր կոռուպցիոն ռիսկերը, եթե ոչ չեզոքացվելու»,- ասաց նա:

Դավիթ Տոնոյանը մայիսի 11-ին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար: Դավիթ Տոնոյանը պաշտպանության նախարարի պաշտոնում փոխարինել է Վիգեն Սարգսյանին: Մինչ այդ Դավիթ Տոնոյանը զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնները: