Տան ստերիլ մաքրությունը երեխաների շրջանում սուր լիմֆոբլաստային լեյկոզի պատճառ կարող է դառնալ․ գիտնականներ


20:20 , 28 մայիս, 2018

Գիտնականները պարզել են, որ տան ստերիլ մաքրությունը երեխաների մոտ կարող է սուր լիմֆոբլաստային լեյկոզի պատճառ դառնալ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են MedicalXpress պարբերականում։ Մասնագետների խոսքով՝ ավելի շատ այդ հիվանդությամբ տառապելու վտանգի ենթարկված են երեխաները, որոնք կյանքի առաջին տարիներն անցկացրել են «ստերիլ» միջավայրում՝ խուսափելով հրապարակային վայրերից և մյուս երեխաների հետ շփվելուց։

Փորձագետները պարզել են, որ հիվանդության զարգացումը երկու փուլով է ընթանում։ Առաջին փուլում գենետիկ մուտացիա է տեղի ունենում և ձևավորվում է վտանգավոր հիվանդության նկատմամբ հակվածությունը։ Հետո սկսվում է սովորական մրսածություն, որը կարող է սուր լիմֆոբլաստային լեյկոզի պատճառ դառնալ։

Գիտնականները պնդում են, որ երեխաների շրջանում, որոնք վաղ տարիքում մաքրության մեջ են ապրել, տվյալ հիվանդությունն ավելի հաճախ է զարգանում։