11:50 , 11 մայիս, 2013
Եթե սա պարադոքս չէ, ապա ի՞նչ է: Բանը նրանում է, որ մենք անընդհատ ազգովին խոսում ենք, որ մեր ընդդիմադիր դաշտը մարգինալացված վիճակում է, բայց չենք ասում, թե ինչն է պատճառը: Նույն ընդդիմադիրները այնպիսի խորհրդավոր տեսք են ընդունել, կարծես թե այդ հարցին իրենց փոխարեն պետք է օտարները պատասխանեն: Եվ թող ապշեցուցիչ չթվա, բայց այդպես էլ եղավ: Այդ հարցին պատասխանեց ԱՄՆ-ի դեսպանը, պատկերացնո՞ւմ եք, և հստակ էլ առանց վախենալու, առանց երկմտանքի, առանց վարանելու, առանց դիպլոմատիկ կանոնների: Ահա նայեք` «Ընդդիմադիր կուսակցությունները պետք է ավելի ագրեսիվ եւ հաստատուն լինեն իրենց գործունեության մեջ, որպեսզի կարողանան քվեներ ստանալ». այս մասին ասել է Հայաստանում Ամերիկայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս ընդդիմությունը կարող է վերցնել իշխանությունը, եթե ընտրությունների միջոցով դա հնարավոր չէ: Իսկ այն հարցին, թե մասնավորապես «Ժառանգությունը» կամ Հայ Ազգային Կոնգրեսը կարո՞ղ են լինել ագրեսիվ եւ հաստատուն, դեսպանը նկատել է, որ հաջողության հասնելու համար ընդդիմությունը պետք է քայլեր կատարի…
Այսինքն՝ ի՞նչ է ստացվում, մեր ընդդիմադիր դաշտը փաստորեն այնպիսի ճղճիմ վիճակում է, որ նույնիսկ դեսպանի ներվերը չդիմացան, քանզի նա, անտեսելով բոլոր դիվանագիտական սուբարդինացիաները, արդեն ճարահատյալ բաց տեքստով սկսեց խոսել, հա՞:
Հ. Գ. Ի՞նչ է ստացվում, միգուցե հետևյալ տեքստով նրան խնդրե՞նք՝ «Հարգարժան պրն. դեսպան, մենք այնքան անճար ենք, միգուցե սովորեցնեիք մեզ, թե ո՞նց անենք, որպեսզի մեր երկրում էլ լինի պատշաճ ընդդիմադիր դաշտ»:
replik.am