16:19 , 25 մայիս, 2018Զարմացած եմ, որ թեև ոչ շատ, բայց ունենք համաներման գործընթացին դեմ դիրքորոշումներ, կարծիքներ: Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների արձանագրման վարչարարության մեղմացման ուղղությամբ հակառակ կարծիքներ հայտնելը համարում եմ նորմալ, քանի որ նման կարծիքներ հայտնողները մտավախություն ունեն, որ համեմատաբար մեղմ վարչարարությունը կարող է վտանգել երթևկության անվտանգությունը: Բայց չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր դեմ են համաներմանը և կարծիք են հայտնում, որ տուգանքների համաներմամբ ոտնահարվում են տուգանքները բարեխիղճ վճարողների շահերը, խախտվում է արդարության սկզբունքը:
Նախ՝ բոլոր տուգանքները ենթակա են վճարման, և բարեխղճորեն վճարելը բխում է միայն հենց տուգանվողի շահերից: Բարեխիղճ վճարելով պետությանը որևէ ծառայություն չի մատուցվում: Սահմանված ժամկետում չվճարելու դեպքում առաջանում են առավել անբարենպաստ իրավիճակներ, մասնավորապես՝ տուգանքի գումարը փաստացի ավելանում է (նախկինում նաև եռապատկվում, հնգապատկվում էր) հարկադիր կատարման ծախսերով, բացի այդ՝ արգելանք է դրվում քաղաքացու գույքի և դրամական հաշիվների վրա, այնուհետև կատարվում է բռնագանձում, առանձին դեպքերում՝ գույքի նկատմամբ հետախուզում, բռնագրավում և այլն, հետևաբար կրկնվում եմ, որ օրենքով սահմանված ժամկետում վճարելը բխում է միայն վճարողի շահերից, դրանով որևէ ծառայություն չի մատուցվում պետությանը:
Ինչ վերաբերում է հազարավոր քաղաքացիների նկատմամբ առկա 13.7 մլրդի չափով տուգանքներին, ապա սրանք գոյացել են 2012 թվականից: Տուգաների գանձման ուղղությամբ կիրառվել են օրենքով նախատեսված բոլոր միջոցները, ինչի արդյունքում նշանակված տուգանքների շուրջ 78.2 տոկոսը վճարվել կամ գանձվել է, ինչը բավականին բարձր ցուցանիշ է համարվում, սակայն 13.7 մլրդի չափով տուգանքներ չեն գանձվել, քանի որ պարտապանները չունեն տուգանքների չափով դրամական միջոցներ կամ գույք: Եթե անգամ համաներում չարվի, այս գումարները հիմնականում երբևէ չեն վճարվի, հետևաբար համաներմամբ պետությունը փաստացի որևէ վնաս չի կրում: Ամենօրյա դիտարկումները ցույց են տվել, որ նշված պարտապանները բավականին այլ զրկանքներ են կրել և կրում առկա պարտավորությունների պատճառով: Բազմաթիվ են այն դեպքերը, երբ, գտնվելով սոցիալապես ոչ բարվոք վիճակում, քաղաքացիները հնարավորություն չեն ունեցել անգամ հողը մշակելու համար անհրաժեշտ վարկ վերցնել և այլն: Այսինքն՝ այս պարտավորություններն արդեն զգալի վնաս են պատճառում առանց այն էլ սոցիալապես ոչ բարվոք վիճակում գտնվող բազմաթիվ քաղաքացիներին և նվազեցնում նրանց տնտեսապես առողջանալու հավանականությունը:
Համաներումը մարդասիրական-քաղաքական ակցիա է, որը միտված է սոցիալական համերաշխության զարգացմանը, սոցիալական լարվածության թուլացմանը և տնտեսական առողջացման համար պայմաններ ստեղծելուն:
Հարգելի հայրենակիցներ, հավատացեք, որ համաներմամբ որևէ մեկի շահերին վնաս չի կարող պատճառվել: