Կանխիկ գործարքների դեպքում ՊԵԿ-ը սպառողներին հորդորում է ստուգել ՀԴՄ-ների հավաստիությունը


21:02 , 23 մայիս, 2018

Պետական եկամուտների կոմիտեն, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի՝ հրապարակավ հնչեցրած պահանջը, իրազեկում է հանրությանը, որ կանխիկ գործարքների դեպքում որոշ հարկ վճարողներ զանգվածաբար տրամադրում են հարկային օրենսգրքին չհամապատասխանող կտրոններ, որոնք, սակայն, արտաքնապես քիչ են տարբերվում ՀԴՄ կտրոնից: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նմանօրինակ կտրոններով իրականացված կանխիկ գործարքները չեն մասնակցում հարկ վճարողների կողմից իրացման շրջանառությունների ձևավորմանը և հարկերի հաշվարկմանը: ՀԴՄ կտրոնի հավաստիությունը պարզելու համար ՊԵԿ-ը հորդորում է առաջնահերթ ստուգել հետևյալ պարտադիր վավերապայմանները. հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)՝ բաղկացած 8 նիշից և անվանումը, կտրոնի հերթական համարը (ԿՀ), որը պետք է բաղկացած լինի 8 նիշից, ՀԴՄ-ի գրանցման համարը (ԳՀ կամ ՄԳՀ) և ֆիսկալ համարը (Ֆ):